Բաժիններ՝

Մկոն՝ Երևանի և երևանցիների մասին

168.am-ը «Կարգին հաղորդման» Մկոյի  (Մկրտիչ Արզումանյան) հետ զրուցել է Երևան քաղաքի և նրա բնակիչների մասին:

– Մկո, քաղաքն ինչպիսի՞ն է Ձեր աչքերում, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս:

– Մարդկանց մտահոգ ու տխուր դեմքերն ինձ դուր չեն գալիս: Գարնանն ու ամառը մի փոքր այդպես չէ, մարդիկ այդ շրջանում ջերմանում են ու դրական էներգիայով լցվում:

– Իսկ եթե Երևանի արտաքին տեսքին անդրադառնանք…

– Յուրաքանչյուր պատմություն ունեցող քաղաք ունի իր հին քաղաքը: Նույնիսկ Երևանից շատ հին քաղաքներ կան, որոնք ունեն իրենց հին քաղաքը, որը ամբողջ քաղաքի ամենագեղեցիկ մասն է: Մեր քաղաքում այդպիսի հատված չկա: Ես չգիտեմ՝ հիմա մենք 100 տարեկան շենք ունե՞նք, թե՞ ոչ: Ասում են՝ Երևանը հին քաղաք է: Կուզենայի Երևանում այդպիսի հեքիաթային վայր ունենայինք, որտեղ մտնելիս` այդ շունչը կզգայինք: Ես շատ լավատես եմ, երբեք չեմ մտածում Հայաստանից գնալու մասին: Աշխատանքի բերումով` դուրս գալու հնարավորություն հաճախ եմ ունենում, բայց ամեն անգամ երրորդ օրն արդեն սկսում եմ ամեն ինչ կարոտել: Աստված տա` բոլորս ապրենք մեր երկրում, մեզ կզգանք հանգիստ, ապահով և ուրախ:

mko3

– Իսկ մարդկային հարաբերություններում ի՞նչն է փոխվել:

– Այս տարի ինձ համար բացահայտումների տարի էր: Մի պահ ինձ թվաց, թե ինձ հետ մի բան այն չէ, բայց հետո ետ նայեցի, տեսա, որ փորձել եմ այնպես ապրել, որ ոչ մեկին վատ չլինի, հասկացա, որ խնդիրն իմ մեջ չէ: Այնպես ստացվեց, որ իրար հետևից շատ մարդկանց բացահայտեցի և տեսա, որ նրանք այնպիսին չեն, ինչպես երևում էր: Շնորհակալ եմ ճակատագրից, որ կյանքի տվյալ հատվածում նման բացահայտումներ արեցի, որովհետև հնարավոր էր՝ կյանքի ավելի կարևոր հատվածում դա հասկանայի, և ավելի դժվար լիներ:

– Պատճառը փո՞ղն է:

– Երևի հարաբերությունների հիմքում փողն է դրված: Երբ գիտես մի մարդու, ով նախկինում ուրիշ ձև է եղել, բայց այսօր նա մի փոքր ազատ լինելու հնարավորություն ունի, դառնում է անճանաչելի և մոռանում է այն ամենը, ինչի միջով միասին եք անցել… Մարդկային հարաբերություններն ավելի կարևոր են, որովհետև դու այն տարիներով ստեղծում ես և դողում ես նրա վրա: Ծիծաղելի է, երբ տեսնում ես, թե փողն ինչ է անում մարդու հետ: Դա նաև մարդկանց դժվար կյանքից է գալիս: Ինչպես աստղային հիվանդությունն է մեկի վրա ազդում, մյուսի վրա` ոչ, այնպես էլ՝ փողը: Մեկը կարող է սերիալում փոքր դեր կատարել, փողոցում նրան կարող են մի քանի հոգի ճանաչել, և նա դրանից կարող է Աստվածների օլիմպի մեջ ընկնել: Կարող է այլ կերպ իր հանդիսատեսին բարևել, չուզենա նկարվել, և այլն: Բայց չէ՞ որ դա քո աշխատանքի գնահատականն է, երբ քիչ լինի, այդ դեպքում պետք է նեղվել:

– Այսօր մեզանում հասարակական գիտակցություն է ձևավորվել: Տարբեր խնդիրների դեմ մարդիկ կռիվ են տալիս: Դուք արվեստագետների մասնակցությունը նման պայքարներին որքանո՞վ եք կարևորում:

– Պետք է անպայման թեմայի մեջ լինել, բայց այն կարող ես անել տարբեր ձևերով: Պարտադիր չէ միացնել տեսախցիկը և խոսել: Դու կարող ես դա անել քո աշխատանքների միջոցով, ինչպես մենք ենք անում: Ընդհանրապես հումորի տեսքով message-ն ուղարկելն ավելի արդյունավետ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս