ՀԱԿ-ում ներդրված ամենամեծ ականը
Երեկ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից մեկի նախագահը մեզ հետ զրույցում խոսում էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի` չառաջադրման որոշումից հետո ՀԱԿ-ում առաջացել է համակարգային ճգնաժամ, քանի որ այլևս պարզ չէ, թե ինչ ձևով է այդ կառույցը հասնելու իր առաջադրած նպատակի` ավազակապետական ռեժիմի կազմաքանդման և երկրում սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը: Ըստ մեր զրուցակցի, իրենք մտադիր են կուսակցության քաղխորհրդի նիստ հրավիրել և քննարկել ՀԱԿ-ում ստեղծված իրավիճակն ու փորձել դրանից դուրս գալու ուղիներ գտնել:
Իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա. առաջինն այն է, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից յուրաքանչյուրը, տեսնելով, որ այն նպատակը, որի շուրջ իրենք համախմբվել էին, այլևս հնարավոր չէ այդ ձևաչափով իրականացնել` դուրս են գալիս ՀԱԿ-ից, և այն դադարում է գոյություն ունենալ, կամ փորձում են բարեփոխել ՀԱԿ-ը, համարելով, որ հռչակված նպատակին հին ձևաչափով հնարավոր չէ հասնել:
Մի քանի կուսակցություններ և անհատներ արդեն գնացել են առաջին ճանապարհով և հայտարարել են ՀԱԿ-ից դուրս գալու մասին, մյուսները մտածում են, որ ՀԱԿ-ը որևէ մեկի սեփականությունը չէ, կամ իրենք այնտեղ տնվոր չեն, որ դժգոհելով տանտերերի վատ պահվածքից` լքեն այդ կառույցը: Նրանք մնում են ՀԱԿ-ում` թե՛ այդ կառույցը բարեփոխելու, և թե՛ իր նպատակին ծառայեցնելու համար: Արդյո՞ք տեսականորեն և գործնականում հնարավոր է բարեփոխել ՀԱԿ-ը: ՀԱԿ որոշումների կայացման հիմքում դրված է կոնսենսուսի սկզբունքը, ինչը նշանակում է, որ որոշումները պետք է ընդունվեն ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունների համաձայնությամբ:
Թվում է, այս սկզբունքը բավական դեմոկրատական է, քանի որ հնարավորություն է տալիս, որ լսելի լինի ՀԱԿ-ին մաս կազմող յուրաքանչյուր կուսակցության տեսակետը, անկախ նրանից, թե ինչ իրական ազդեցություն ունի այդ կուսակցությունը: Բայց իրականում այդ սկզբունքն աշխատել է ոչ թե կուսակցությունների ձայնը լսելի դարձնելու, այլ ընդհակառակը, այն լռեցնելու համար: Ասվածն ապացուցելու համար բերենք ընդամենը երկու օրինակ, որոնց մասին ՀԱԿ-ին մաս կազմող ուժերը գերադասում են չխոսել: 2011թ. աշնանը Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ քաղխորհրդի նիստին է ներկայացնում իր քաղաքագիտական վերլուծությունը, որով ԲՀԿ-ին հռչակում է «հայաստանածին ուժ» և ընդդիմություն, իսկ ՀԱԿ-ի նպատակ է հռչակում` թույլ չտալ, որ ԲՀԿ-ն մտնի Սերժ Սարգսյանի թևի տակ:
ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցություններից առնվազն մեկի` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը դեմ է այդ մոտեցմանը: Այլ դեմ արտահայտվողներ էլ են լինում, սակայն Տեր-Պետրոսյանը լռեցնում է նրանց: Բայց փաստն այն է, որ ՀԱԿ-ում այս հարցում կոնսենսուս չի ձևավորվում, քանի որ Արամ Սարգսյանը շարունակում է պնդել, որ այդ մոտեցումը վնասակար է ՀԱԿ-ի համար: Չնայած դրան, Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ոչ միայն հնչեցնում է քաղաքագիտական վերլուծությունը, այլև ՀԱԿ-ի հետագա քաղաքականությունը կառուցվում է քաղաքագիտական վերլուծության մեջ ներկայացված թեզերի հիման վրա:
Մյուս օրինակն ավելի ցցուն է ներկայացնում ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի անճարակությունը: 2012թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ` ՀԱԿ քաղխորհրդում քննարկվում է, թե ինչ սկզբունքով պետք է ձևավորվի ՀԱԿ համամասնական ցուցակը: ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները գալիս են համաձայնության, որ երեք հոգու պետք է առաջադրի Տեր-Պետրոսյանը, 7 հոգու` կուսակցությունները, և այդպես շարունակ: Այսինքն` համամասնական ցուցակի յուրաքանչյուր տասնյակի առաջին երեքը լինում են Տեր-Պետրոսյանի ներկայացրած թեկնածուները, իսկ մյուս յոթը` կուսակցությունների: Բոլոր կուսակցությունները համաձայնում են այս սկզբունքին, բացի մեկից` ՀՀՇ-ից, որի նախագահ Արամ Մանուկյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանին պետք է հնարավորություն տալ տասնյակում ունենալ հինգ ներկայացուցիչ:
Ստացվում է, որ դարձյալ կոնսենսուս չկա, քանի որ կուսակցություններից մեկը դեմ է բոլորի կողմից համաձայնության արժանացած տարբերակին: Իհարկե, հաջորդ օրը ՀՀՇ-ին մենակ չի թողնում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր ներկայացրած «Ազատություն» կուսակցության անունից հայտարարում է, որ իրենք ևս կողմ են 5+5 տարբերակին: Այսօր ՀԱԿ անդամ կամ նախկին անդամ կուսակցություններից որևէ մեկը չի պաշտպանում Բագրատյանի թեկնածությունը, ու դրա համար նրանք ունեն ինչ-որ հիմնավորում. իրենք չեն կարող պաշտպանել մեկին, ով վերը նշված սկզբունքային հարցում չի պաշտպանել մեծամասնությանը` կանգնելով ՀՀՇ-ի, իմա` Լ. Տեր-Պետրոսյանի կողքին:
Բայց վերադառնանք կոնսենսուսին: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ երկուսը հայտնվեցին 13-ի դեմ: Որոշվեց` քանի որ կոնսենսուս չկա, ցուցակն ամբողջովին պետք է կազմի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ ստացավ դրա արդյունքում ՀԱԿ-ը: Ընդամենը այն, որ առնվազն հինգ միավոր լքեցին այս կառույցը` «Հանրապետությունը» և «Հայաստանի Լիբերալ կուսակցությունը»` հրապարակային, իսկ «Ազգային վերածնունդը», «Հայրենիք և պատիվը», «Հայ կամավորականների համախմբումը»` անաղմուկ: Բայց դա ՀԱԿ-ում մեծ կորուստ չհամարեցին:
Հիմա եթե ՀԱԿ-ում ինչ-որ մեկը փորձի ռեֆորմացիայի հարց բարձրացնել, արդյո՞ք պարզ չէ, որ այդ հարցում ևս կոնսենսուս չի լինի, քանի որ առնվազն մեկ կուսակցություն` ՀՀՇ-ն, կհայտարարի, որ ՀԱԿ-ում որևէ խնդիր չկա, ամեն ինչ լավ է, և այդ պարագայում խոսք անգամ չի կարող լինել բարեփոխման մասին: Իսկ ովքեր այդպես չեն մտածում` կարող են դուրս գալ ՀԱԿ-ից: Թեկուզ բոլորը: Այդ դեպքում Հայոց համազգային շաժումը կդառնա Հայ ազգային կոնգրես: ՀՀՇ-ն դեռ վաղուց էր ուզում անվանափոխվել, ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանը դրա մասին խոսում էր 1998թ. սկսած:
Իսկ ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանին պետք է իր ապագա քաղաքական պլանների իրականացման համար: Նա իր մերձավոր շրջապատին համոզում է, որ չառաջադրվելը դեռ չի նշանակում քաղաքականությունից դուրս գալ, և քաղաքական իրական պայքարը նոր է սկսվելու` ընտրություններից հետո:
Նա իր վերադարձի հնարավորության մասին ակնարկել է իր չառաջադրվելու թեմայով տրված հարցազրույցում, որտեղ խոսելով այն մասին, որ ինքը չի առաջադրվում` 68 տարեկան լինելու պատճառով, ավելացրել է, թե կան պատմական օրինակներ, երբ ավելի մեծ տարիք ունեցող գործիչներն էլ են առաջադրվել` Չերչիլ, Ադենաուեր, Դը Գոլ, Շևարդնաձե կամ Հեյդար Ալիև, բայց դա նրանք արել են արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն էլ` նույնիսկ Սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների:
1998թ., երբ Լ. Տեր-Պետրոսյանը հեռացավ իշխանությունից, մտադրվել էր իշխանության վերադառնալ միայն այն դեպքում, երբ հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործչի անհրաժեշտություն կստեղծվի, կամ, այսպես ասած, ազգովի կխնդրեն: 2008թ. ազգովի խնդրելու իմիտացիա եղավ, և Տեր-Պետրոսյանը փորձեց վերադառնալ իշխանության, որը, սակայն, տապալվեց: Հիմա նա պետք է սպասի քաոսային վիճակի և կառավարելիության բացակայության, որպեսզի մի կողմ դնելով տարիքի գործոնը` համաձայնվի հետ վերադառնալ:
Եթե 1998-2008թ. ընկած ժամանակաշրջանում նման իրավիճակի ստեղծումը պայմանավորվում էր Ղարաբաղյան հարցի հետ կապված զարգացումներով, ապա հիմա դրան ավելացել է այն, որ Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական երկընտրանքի առաջ, որը ևս կարող է քաոսային վիճակի և անկառավարելիության հասցնել: Համենայն դեպս` նա իր շրջապատին շարունակում է համոզել, որ շատ չի մնացել, և մինչև այդ տարվա ավարտ լուրջ և արմատական փոփոխությունների տանող իրադարձություններ են սպասվում: Ինչ-որ մարդիկ շարունակում են հավատալ Տեր-Պետրոսյանի անսխալականությանը:
«168 ԺԱՄ»