«Մեզ համար էնպիսի դեղ բեր, որ խմենք ու էսպես նստած մնանք»
Ասում է իր կյանքից, մարդկանցից, ամեն ինչից գոհ Մարտին պապը
Ասում են՝ Մարտին Հայրապետյանը տարիներ առաջ մի գիգանտ պապիկ էր, ով, երբ շքամուտքով քայլում էր, ամբողջ շենքը դղրդում էր: Ասում են՝ Մարտին Հայրապետյանը շատ հարգված, տարբեր պաշտոններ զբաղեցրած մարդ է եղել, ով իրեն շրջապատող մարդկանց մշտապես օգնել է այն ամենով, ինչով հնարավոր է եղել: Ասում են՝ նրա կինը՝ Լիլյա Վարդանյանը, մի քանի տարի առաջ նույնքան բարեկիրթ ու բարեհոգի է եղել, որքան հիմա է: Ասում են՝ այս ամուսինները նույնքան արժանապատիվ ու հպարտ մարդիկ են եղել, որքան հիմա են: Ընդհանրապես Մարտին և Լիլյա ամուսինների մասին բոլորն այնքան լավ խոսքեր են ասում, որ նրանց շրջապատող մարդկանց՝ ինձ դիմելու շարժառիթը չեմ հասկանում:
Բազկաթոռի հենակների մեջ «ճմրթված» Մարտին պապը, ով նախկինում գիգանտ չափերի է եղել, հիմա էլեկտրական սալիկի ջերմությունը որսացող խեղճացած մի ծերուկ է, ով տեսողության կորստի պատճառով նույնիսկ չի նկատում իմ ներկայությունը: Լիլյա տատիկը, ով հազարումի ծածկոցով փորձել է հիվանդ ոտքերը ցրտից պաշտպանել, ինձ տեսնում է, բայց բարևիս չի արձագանքում: Մարտին պապը գրեթե կորցնում է տեսողությունը, իսկ Լիլյա տատը՝ լսողությունը, ու Մարտին պապն իր տան ականջն է, իսկ Լիլյա տատը՝ աչքը: «Լիլյա, ո՞վ ա»,- հարցնում է ծերուկը: «Մի հատ աղջիկ ա»,- ժպտալով պատասխանում է ծեր կինն ու ինձ ձեռքով ուղղորդելով՝ հորդորում է դեպի պապի կողմ տեղաշարժվել:
«Վայ, մեր լրագրողն ա»,- բղավելով կնոջը տեղեկացնում է Մարտին պապն ու երեխայի նման շփոթվում, խառնվում է իրար: Ձեռքի հպումներով շոշափում է փոքրիկ սեղանին դրված ծուռտիկ կտրտած նարինջն ու ինձ խնդրում է, որ հյուրասիրվեմ: Հետո ուզում է անպայման միասին գինի խմենք ու շնորհավորենք իրենց Ամանորը: Ու, երբ ուզում ենք շնորհավորել Ամանորը, Մարտին պապն ուզում է ինձ մի բան խնդրել, բայց խնդրանքը կատարելու համար նախևառաջ ամեն գնով ինձնից ուզում է խոստում կորզել: Ասում եմ՝ «Պապիկ ջան, ինչով կարող եմ, օգտակար կլինեմ»: Չընդունելով իմ խոսքերը, ասում է՝ «Չէ, դու խոստացի, համարի, որ մենք քո հարազատ տատիկ-պապիկն ենք, ու իմ խնդրանքը կկատարես՝ առանց երկմտելու»: Ասում եմ՝ «Ախր չեմ կարող, ինձնից շատ բան կախված չէ, բայց եթե կարողանամ մի բանով Ձեզ օգտակար լինել` առանց խոստանալու դա կանեմ»:
Հուսահատված Մարտին պապը կրկին ամբողջ մարմնով գրկում է էլեկտրական սալիկից դանդաղ եկող ջերմությունն ու ինձնից հիասթափված` ասում է` «Մեզ համար էնպիսի դեղ բեր, որ խմենք ու էսպես նստած մնանք: Քեզնից շատ բան չեմ ուզում: Մեզ լավություն արա, օգնի մեզ: Ես ու կինս ուրիշ ոչնչի կարիք չունենք, մեզ դեղ բեր, որ էսպես իրար կողք նստած խմենք ու մեռնենք»:
Ամանորյա շնորհավորանքներն օդում սառչում են: Իմ, Մարտին պապի ու Լիլյա տատի արանքում իջած լռությունը երեքիս թշնամացնում է: Ես ատում եմ Մարտին պապին, որ ինձնից մահ է ուզում: Մարտին պապն ինձ ատում է, որ իրեն չեմ օգնում մեռնելու հարցնում, իսկ Լիլյա տատը, մոլորված երեխայի նման, մեկ նայում է ինձ, մեկ էլ ամուսնուն՝ չընկալելով, թե ինչո՞ւ է շուրջն ամեն ինչ քարացել: Ես ու Մարտին պապն իրար թարս ենք նայում: Լիլյա տատը ներքին բնազդով զգում է, որ իր օգնության կարիքը կա, ու սկսում է երկար խոսել: «Մի տղա ունենք՝ Արմենս, 1999 թվականին որոշեց Հայաստանից գնալ: Կնոջ հետ նման որոշում կայացրին, որովհետև էստեղ շատ ծանր էր վիճակը: Մեզ ասեց՝ մեր երեխեքն էստեղ ապագա չունեն, ոչինչ չենք կարողանում անել»,- պատմում է Լիլյա տատը՝ ավելացնելով, որ որդին ամբողջ ունեցվածքը, բնակարանը վաճառել ու ընտանիքի հետ մեկնել է Իսպանիա: Այդ տարիներին ամուսինները մեկնել են Լեհաստան և երեք տարի աշխատելով՝ ներկայիս Նորքի 6-րդ զանգվածում գտնվող բնակարանն են գնել:
Նրանց միակ տղան՝ Արմենը, Իսպանիայում հանգրվան գտնելով, տան վերանորոգման աշխատանքներ կատարելով՝ սկսել է վաստակել. «Հարսս էստեղ ասում էր՝ ես դուրս չեմ գա բուրդ չբխեմ, իսկ հիմա էնտեղ ուրիշների տներ է մաքրում, որ երեխաներին պահի, ուսման տա: Ինչ գնացել են՝ ամեն տարի մեզ գումար են ուղարկել, իրանց ուղարկածով ենք ապրել, դժգոհ չենք եղել»,- պատմում է տիկին Լիլյան, ում տունը, համենայնդեպս, չքավորի տան նման չէ, որովհետև մեկնումից հետո մեկ անգամ տղան եկել է Հայաստան ու ծնողների համար բավականին գույք ու տեխնիկա է գնել: Տարեց ամուսիններն, արդեն մի քանի տարի է, իրենց որդու օգնությունից զրկված են, քանի որ Արմենի գործերն Իսպանիայում լավ չեն: Ասում է՝ արդեն մի քանի տարի է, ինչ իրենց թոշակի հույսին են, դրա համար էլ՝ «Էս օրին ենք»:
Երկու տարեցների կենսաթոշակը միասին կազմում է 59.000 դրամ, որն ամբողջությամբ պետք է գազի վարձավճար տան, եթե փորձեն գազով տաքանալ: Հիմա փոքրիկ էլեկտրական սալիկն իրենց ոտքերի առաջ միացնում են, որ մի քիչ տաքանան, բայց դրա տաքությունից ամբողջ բնակարանի ջերմաստիճանը դրսի ցուրտ ջերմաստիճանից էապես չի տարբերվում:
«Գիշերը գլուխներս մտցնում ենք վերմակի տակ ու գոլորշով տաքանալով` քնում ենք»,- ասում է Լիլյա տատը, ով ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում: Նա հատուկ սարքի օգնությամբ ննջարանից հյուրասենյակ է հասնում ու` հակառակը: Երկու տարի առաջ ընկել ու կողոսկրը կոտրել է, բայց վիրահատության համար հիվանդանոցում 500.000 դրամ վճարելուց բացի, 1500 դոլար էլ բժշկի մաղարիչ են պահանջել: Լիլյա տատն ամուսնու հետ հիվանդանոցից տուն վերադառնալուց հետո մոռացել է վիրահատության մասին: Հիմա կողոսկրը ձևախեղվել, ծռմռվել է, որի պատճառով կորցրել է շարժունակությունը: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, շաքարային դիաբետ էլ ունի, բայց ասում է` պոլիկլինիկայի բժիշկներն ուշադիր են, եկել տանը ստուգումներ, ռենտգեն են արել: Դրանից բացի, ամենամսյա դեղորայքն անվճար մշտապես տրամադրում են:
«Լավն են մեր պոլիկլինիկայի աշխատողները: Եկան, տանը հետազոտեցին, դեղորայքն իրենք բերեցին: Ընդհանրապես բոլորն էլ լավն են, մենք մարդկանցից դժգոհելու քիչ առիթ ունենք: Մի խնդրանքով դիմեցինք Սոցապ նախարարություն, որ մեզ նպաստ հատկացնեն, բայց մերժեցին, որովհետև տղաս ու թոռնիկս մեր տան վրա են գրանցված ու հետո, երևի բալերը չի հերիքում»: Չնայած դրան, օրեր առաջ ինչ-որ մարդիկ այցելել են տարեց ամուսիններին և խոստացել են հնարավորինս օգնել, մասնավորապես` հորդորել են գազից օգտվել և հնարավորության դեպքում իրենք կփորձեն վարձավճարը զեղչել: Միայն թե Լիլյա տատիկն այնքան էլ հույս չունի, թե այդ «պաշտոնավորներն» իրենց խոստմանը տեր կկանգնեն:
Լիլյա տատիկն ու Մարտին պապը հեռու են իմ տեսած հարյուրավոր չքավորության մեջ ապրող մարդկանց կենցաղավարությունից: Չնայած 59.000 դրամ կենսաթոշակին ու նրանց բնակարանի ցրտին, այնուամենայնիվ՝ այս ծեր մարդիկ արժանապատիվ միջավայրում են ապրում ու հպարտ են: Նրանց շուրջը կոկիկ ու մաքուր է: Բազկաթոռի մեջ «ճմրթված»
Մարտին պապի հետ հաշտվելու համար՝ հարցնում եմ՝ «Ո՞նց անցկացրիք Ամանորը»: Երեխայի պես խռոված՝ ծերունին ժպտալով պատասխանում է. «Շատ լավ, շատ լավ ենք անցկացրել: Մեր պետությունը մեր հարևաններն են: Մեր հարևաններն աշխարհի ամենալավ մարդիկ են, ամեն մեկը մեր համար իր պատրաստածից բաժին էր հանել, ամեն ինչից մի քիչ-մի քիչ բերեցին, ու սեղան գցեցինք: Հարևանների հետ ենք անցկացրել տոները, մեր հարազատները մեր հարևաններն են: Իրենք շատ լավ մարդիկ են, մեր գնումներն իրենք են անում,ու ընդհանրապես ով խանութ է գնում` մեր դուռը թակում է, թե` Մարտին պապ, ինչ-որ բան պետք ա՞»: Ես ու Մարտին պապը հաշտվում ենք, ու նա նորից սկսում է ինձ հետ որդիական ջերմությամբ խոսել: Կատակներ է անում, ինձ ծիծաղեցնում է, նորից ձեռքի հպումներով գտնում է ծուռտիկ կտրտված նարինջը ու փորձում է հյուրասիրել:
Ինձ ասում է, որ ինքը լավ փլավ է պատրաստում, բայց քանի որ գրեթե չի տեսնում, հաճախակի օգնության է հասնում իր 80 տարեկան քենին. «Երկու քուրերով ինձ թելադրում են, ես էլ համով սարքում եմ: Բալիկ ջան, դրսի կարոտ ենք ուղղակի: Առաջ կարողանում էի խանութ գնալ, բայց հիմա բան չեմ տեսնում: Փառք Աստծո, մենք վատ չենք, ապրում ենք, Արմենս շատ լավ տղա ա, միշտ էլ մեզ պահել ա իրա ուղարկած գումարով, բայց հիմա տղայիս վիճակն էլ լավ չի: Հավատա, եթե փող ունենայի՝ ես իրան կուղարկեի:
Մենք ոչ մեկից ոչինչ չենք ակնկալում: Բայց… բայց…»: Բայց Մարտին պապն այս անգամ նախապես ինձնից խռովում է, ու, երբ բարկացած կանգնում եմ իրենց հրաժեշտ տալու՝ ետևիցս բղավում է. «Բայց… Աղջիկս, խնդրում եմ, խոստացի, սպասի, բայց…»:
Մեջքիս վրա դաջվում են մոլորված երեխայի աչքերով Լիլյա տատի հայացքն, ու աստիճանավանդակով իջնելիս դեռևս արձագանքում են Մարտին պապի ինձնից խոստում կորզելու խնդրանքները: Ու որքան սիրում եմ ես այս երկու ծերուկներին, նույնքան էլ ատում եմ Մարտին պապին, ով հաստատ ինձ միշտ սպասելու է ու բոլորից, մինչև անգամ հանրապետության նախագահից գոհ լինելով հանդերձ՝ ինձնից մահ է ուզելու:
«168 ԺԱՄ»