
Nabucco West գազատարի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco West գազատարի նախագծի մասնակիցները համագործակցության համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակմամբ զբաղվող կոնսորցիումի հետ:
Նրանք սկզբունքային պայմանավորվածության են հասել Nabucco West գազատարի նախագծի համատեղ ֆինանսավորման մասին՝ քննարկելով այդ նախագծի հետ կապված ամեն տիպի հարց՝ ընդհուպ մինչև ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու երթուղու վերջնական ընտրության հարցը:
Եթե «Շահ Դենիզ» հանքավայրի մշակմամբ զբաղվող ընկերությունները գազի մատակարարման հարցում նախապատվությունը տան Nabucco West-ին, ապա նրանք կստանան այդ նախագծի բաժնետոմսերի 50 տոկոսը: Համապատասխան գործարքը շուտով կնքվելու է Վիեննայում:
Nabucco West գազատարն ունենալու է 1300 կիլոմետր երկարություն, որից 412 կիլոմետրը բաժին է ընկնում Բուլղարիայի տարածքին, 469 կիլոմետրը՝ Ռումինիային, 384 կիլոմետրը՝ Հունգարիային, իսկ 47 կիլոմետրը՝ Ավստրիային: Ներկայիս դրությամբ այս գազատարի նախագծի բաժնետերեն են ավստրիական OMV-ն, հունգարական FGSZ-ն, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botaş-ը և գերմանական RWE-ն: