Բաժիններ՝

Պետական ռեկետ` «Դեպի Ապահով Հայաստան» տանող ճանապարհին

Երեկ ծանոթ բժիշկներիցս մեկը տեղեկացրեց, որ արդեն մեկուկես ամիս հիվանդանոցին արգելել են պետպատվեր ձևակերպել, այսինքն` պետպատվերով հիվանդ բուժել: Ինչպես հայտնի է, պետպատվեր ձևակերպում են այն դեպքում, երբ հիվանդը սոցիալապես անապահով է և ընդունակ չէ սեփական միջոցներով վճարել բուժման համար: Պետպատվերի դեպքում վճարում է պետությունը. հիվանդանոցը բուժման հաշիվը ներկայացնում է պետությանը, պետությունն էլ վճարում է հիվանդանոցին: Եթե չկա հաշիվ, չկա նաև վճարում: Բայց այդ դեպքում հիվանդանոցի բյուջե գումար չի մտնում, և բուժանձնակազմն աշխատավարձ չի ստանում:

Քանի որ, ինչպես բոլոր համքարությունների անդամները, այնպես էլ բժիշկները սովորություն ունեն կիսվել իրար հետ, իմ ծանոթ բժիշկը գիտեր, որ նման վիճակ է տիրում նաև այլ հիվանդանոցներում: Ինչո՞ւ են հիվանդանոցներին արգելում պետպատվեր ձևակերպել. որովհետև պետությունը գումար չունի հիվանդանոցին փոխանցելու համար:

ԱԺ աշխատակիցներից մեկն այսօր`առաջին աշխատանքային օրը գալով խորհրդարան, մրսել էր, և հնարավոր է, որ հիվանդանա: Խորհրդարանը դեկտեմբերի վերջից մինչև երեկ չի ջեռուցվել: Գումարը խնայվել է, կամ ուղղակի գումար չկա գազի հաշիվը վճարելու համար: Եթե հատուկենտ պատգամավորները կամ աշխատակազմը մրսում են, դա այնքան էլ էական չէ. կարևորը, որ խորհրդարանի ղեկավարը և աշխատակազմի ղեկավարը չեն մրսի, նրանք Բրյուսելում են, և այնտեղ հաստատ չեն մրսի:

Այսօր` աշխատանքային առաջին օրը, ավտոմեքենաների այն սեփականատերերը, ովքեր չէին հասցրել կամ, ավելի ճիշտ, նրանց հնարավորություն չէր տրվել անցյալ տարի վճարել տեխզննության գույքահարկը, պարզել են, որ պետք է վճարեն ոչ միայն 2012թ., այլ նաև 2013թ. համար, այսինքն՝ պետք է կանխավճար մուծեն: Դեռ անցյալ տարի գրել էինք, որ տեխզննության կտրոնների արհեստական դեֆիցիտ էր ստեղծված, և ավտոմեքենաների այն սեփականատերերը, ովքեր բանկեր էին դիմում վճարում կատարելու և տեխզննման կտրոն ստանալու համար, պարզում էին, որ դա չեն կարող անել, քանի որ կտրոններ չկան:

Դեռ անցյալ տարի գրել էինք, որ դրա նպատակը մեքենաների սեփականատերերից կրկնակի գումար գանձելն է: Այն, ինչ դեկտեմբերի վերջին ենթադրություն էր, այսօր` հունվարի 8-ին, իրականություն դարձավ: Ինչպես հայտնի է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր տեխնոլոգիաների ներդրման մեծագույն գիտակ է, և այդ շրջանակներում նրան հաջողվեց մեր կյանք ներդնել այնպիսի նորմուծություն, ինչպիսին բանկի աշխատակից կանանց կողմից, առանց մեքենան տեսնելու, տեխզննության իրականացումն և համապատասխան կտրոնի տրամադրումն է:

Բայց, որ կարելի էր ավելի առաջ գնալ և ստիպել, որ մեկ տարվա տեխզննության կտրոնի համար վճարեն երկու տարվա գույքահարկ, սա արդեն հայկական մտքի նոր թռիչք է: Ինչպես հայտնի է, հայրենի կառավարության անդամները պնդում են, որ հենց հայկական միտքը պետք է հակադրել ադրբեջանական նավթադոլարներին, և սա դրա լավագույն վկայությունն է. Ադրբեջանում բյուջեն համալրվում է նավթադոլարներով, մեզ մոտ՝ մտքով կամ դրա թռիչքով:

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ հայ հանրությունը սպասում է, որ հինգ տարի իր նկատմամբ տարբեր փորձեր իրականացրած, իրեն տարբեր փորձությունների ենթարկած իշխանությունները, գոնե նախընտրական շրջանում, ինչ-որ հաճելի անակնկալ կմատուցեն իրենց. օրինակ՝ կդադարեցնեն սովորական դարձած պետական ռեկետը, մի քանի օրով կդադարեցնեն ամենօրյա նվաստացումները, անվճար կամ բարեգործական բժշկական խմբերը մարզեր կայցելեն և կընդունեն հինգ տարվա ընթացքում հիվանդացած և դեռ հերոսաբար դիմադրող հիվանդներին, երկու հազար դրամ թոշակ կավելացնեն, մի քիչ ասֆալտ կանեն, 10 հազար դրամ ընտրակաշառք կբաժանեն:

Բայց հայ հասարակությանը խորը հիասթափություն է սպասվում. Հայաստանում նոր քաղաքական մշակույթ է ձևավորվել. տեղի են ունենալու «առանց այլընտրանքի» ընտրություններ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այնպես որ, անակնկալները շարունակվելու են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս