Բաժիններ՝

Հայաստանում կստեղծվի Վիրտուալ արյան բանկ

Հայաստանում կստեղծվի Վիրտուալ արյան բանկ, որի տեղեկատվությունը հասանելի է լինելու ինչպես հատուկ ինտերնետային կայքի միջոցով, այնպես էլ Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված հատուկ բջջային հավելվածների միջոցով:

Այսպես օրինակ՝ բջջայինի միջոցով կարելի է միանգամից տեղեկություն ստանալ, թե ինչ խմբի արյան դոնորի կարիք կա, և այդպիսով արագ տարածել այդ տեղեկատվությունը՝ օգնության հասնելով մարդկանց: Բացի այդ, նոր ծրագիրը հնարավորություն կտա մարդկանց դոնորության վերաբերյալ իրենց անձնական օրագիրը ունենալ. տեղեկանալ, թե երբ է անհրաժեշտ արյուն տալ, ինչ սննդակարգ պետք է ընդունել մինչև արյունատվությունը, ինչպես է այդ ամենը կատարվում և այլն:

Այս տեղեկատվության տարածումը հնարավորություն կտա ոչ միայն հարկ եղած դեպքում արագ արձագանքել և օգնել մարդկանց, այդ կերպ հնարավոր կլինի նպաստել նաև մեր երկրում դոնորների քանակի ավելացմանը: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ-արյունաբան Աննա Սահակյանը: Նա հանդիսանում է ծրագրի հեղինակներից մեկը: Ընդհանուր առմամբ, կյանքեր փրկելու այդ ծրագրի գաղափարը պատկանում է 4 հոգու, որոնցից երկուսը՝ բժիշկ են, մյուս երկուսը՝ ծրագրավորող:

Ա. Սահակյանի տեղեկացմամբ, մեր երկրում նախորդ տարվա տվյալներով ունեցել ենք 13 հազար արյունատվություն, այնինչ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, պետք է ունենայինք 60 հազար արյունատվություն:
«Այս ամենը նշանակում է, որ մեր երկրում խիստ պակաս է դոնորների քանակը: Բոլոր բժիշկներս գիտեինք, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ընդամենը 2 օրում 10 հազար արյունատվություն է կատարվել: Այսինքն, երբ ինֆորմացիան հասցրել են մարդկանց և մարդիկ տեղեկացել են, որ արյուն է անհրաժեշտ, նրանք գնացել և արյուն են հանձնել»,- ասաց Ա. Սահակյան:

Ըստ նրա՝ ծրագիրը ստեղծելու գաղափարը եկել է հենց այդտեղից. բարձրացնել տեղեկատվության մատչելիությունը դոնորության վերաբերյալ, արդյունքում ունենալ դոնորների մեծ թիվ և այդպիսով առողջապահական խնդիրներ լուծել: Այսինքն՝ Հայաստանում բարձրացնել դոնորության և փոխներարկման բժշկության մակարդակը, իսկ դոնորների աճն, ըստ բժիշկ-արյունաբանի, կարևոր է հատկապես արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել դոնորների այցը դեպի դոնորական բաժանմունքներ:

Նշենք, որ մարդկանց կյանքերը փրկելու այս գաղափարը առաջին անգամ ներկայացվել է Հեքըթոն (ՅԱՆ) 2012 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթում, որտեղ ներկայացել են Safe life թիմով: Այս թիմը մեկն էր մրցույթի հաղթողներից և առաջիկայում կփորձի իր ծրագիրը կյանքի կոչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս