ՀՀ նախագահի 15 թեկնածուներից 8-ը դուրս մնացին գրավը չմուծելու պատճառով

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հունվարի 4-ին, ժամը 18.00-ին, ավարտել է նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը:  ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը  NEWS.am-ի թղթակցին  հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` գրավի վճարման անդորրագրերը, ներկայացրել են միայն յոթ թեկնածուներ: Նրանք են` Հայաստանի գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ ազգային կոնգրեսից առանձնացած «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը,   Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը եւ էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը:

Ավելի վաղ մնացած փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած պոտենցիալ ութ թեկնածուները փաստացի դուրս են մղվում մրցապայքարից` գրավը չվճարելու համար:  Նրանք են` անկուսակցական կարատեիստ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական  գործազուրկ  Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը, անկուսակցական  գործազուրկ   Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը, անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն` ԿԸՀ-ն գրանցման համար ունի 10 օր:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս