Սիրիական ընդդիմության հաղթանակը կդառնա Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վերջը

Ռուս փորձագետ Անտոն Եվստրատովն իր հոդվածում նշել է, որ սիրիական ընդդիմության հաղթանակը կդառնա Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վերջը. «Մինչև Սիրիայում արյունալի դիմակայության սկսվելն, այդ երկրի տարածքում բնակվող քրիստոնյաներն իրենց զգում էին եթե ոչ արտոնյալ, ապա, համենայն դեպս, ընդունելի վիճակում: Սիրիայում քրիստոնյաները կազմում էին բնակչության 10-12 տոկոսը, ինչը շատ ավելին էր Մերձավոր Արևելքում քրիստոնյաների թվաքանակի միջին ցուցանիշից (5 տոկոս):

Բացի այդ, Սիրիան լեցուն է սուրբ վայրերով, հին վանքերով ու տաճարներով, իսկ Դամասկոսը բոլոր քրիստոնյաների համար հանդիսանում է ուղենշային քաղաք: Սիրիան ոչ միայն արաբական աշխարհիկ նացիոնալիզմի բաստիոն է, այլև` մերձավորարևելյան քրիստոնեության վերջին ամրակետերից մեկը (Պաղեստինի հետ մեկտեղ), որին ներկայումս լրջորեն սպառնում են արմատական իսլամիստները:

Սիրիայում Բաշար Ասադի և նրա հակառակորդների միջև պայքարը քաղաքական խմբավորումների զինված դիմակայությունից տեղափոխվել է դավանաբանական ոլորտ: Ընդդիմության կողմից մարտնչում են «Ջաբաթ ալ-Նուսրայի» զինյալները, «Ալ-Քաիդայի» ճյուղերից մեկը, ինչպես նաև «Մուսուլման եղբայրները»: Ասադի բազում հակառակորդներ արդեն իսկ չեն քողարկվում դեմոկրատի ու լիբերալի շղարշի տակ` բաց կերպ հայտարարելով Սիրիայում իսլամական պետության ստեղծման մտադրության մասին:

Շիաները, ալաուիները և մյուս դավանանքի հետևորդները, որոնք զինյալների կարծիքով կապված են Բաշար Ասադի կառավարության հետ, ենթարկվում են կոշտ ճնշման, իսկ նրանց ներկայացուցիչներին հաճախ ֆիզիկապես ոչնչացնում են: Հատկապես ծանր է Սիրիայում քրիստոնյա փոքրամասնության վիճակը, որը մի կողմից արմատական իսլամիստների կողմից որակվում են որպես արևմտյան ազդեցության կամակատար, իսկ մյուս կողմից`Բաշար Ասադի իշխող ռեժիմի դաշնակից: Այն փաստը, որ ընդդիմությունն ինքն է աջակցություն ստանում Արևմուտքից, չի փրկում քրիստոնյաներին:

Որպես Սիրիայի տարածքում բնակվող ամենաարևմտամետ քրիստոնյա համայնք են ընկալվում կաթոլիկները` հույները, մելկիտները կամ լատինները (լատինական ծագմամբ կաթոլիկները): Հնարավոր է, որ հենց այդ պատճառով իսլամիստները նոյեմբերին պղծեցին Կարա քաղաքի հին վանքերը`առևանգելով այնտեղից հին սրբապատկերներ, ձեռագրեր և անգամ կրոնական զգեստներ: Բանդիտները փորձել են նաև իրենց հետ տանել «Մադոննա դել Լատե» որմնանկարը, որը թվագրված է 12-րդ դարին: Միայն քաղաքի բնակիչների միանշանակ դիրքորոշումը զինյալներին ստիպեց վերադարձնել գողոնի գոնե մի մասը:

Սիրիայում զինյալներին բնորոշ են դարձել քրիստոնյաների հանդեպ վանդալիզիմի դեպքերը: Օրինակ, սեպտեմբերի 20-ին Հոմս քաղաքում նրանք այրեցին կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրը: Ըստ էության, այդ նույն «արևմտամետության» համար սեպտեմբերի 24-ին Ռաբլեհ գյուղից ոչ հեռու առևանգվեց 240 մելկիտ: Կաթոլիկների համեմատ, Սիրիայում իրավիճակն ավելի լավ չէ ոչ մեծաթիվ բողոքականների պարագայում: Նրանց վանքերն ավերվում են, իսկ հոգևորականությունը և համայնքը` ոչնչացվում:

Մասնավորապես, հոկտեմբերին սպանվեց բողոքական եկեղեցիներից մեկի հոգևորականը: Նրա հետ միասին գնդակահարվեց նաև նրա ողջ ընտանիքը: Christian Aid Mission-ի տվյալների համաձայն, այդ հանցագործությունն իրականացրել են նույն արմատական իսլամիստները: Իսկ դրանից քիչ անց` նոյեմբերին, Հալեպում ռումբի պայթյունից ոչնչացվեց Ավետարանական եկեղեցու վանքը: Ինչ վերաբերում է Հայկական եկեղեցուն, ապա նրա հետ տեղի ունեցածը որոշ հրապարակախոսներ որակում են որպես «հայերի նոր ցեղասպանություն»: Տարբեր տվյալներով` հայկական համայնքի քանակը կազմում է 60.000-100.000 մարդ:

Առանձնապես տուժել են Հալեպի հայերը, ուր բազում տարիների ընթացքում բնակվում է այդ երկրի տարածքում նրանց ամենամեծ համայնքը: Հոկտեմբերին այդ քաղաքում այրվել է Սուրբ Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր Նոր Գյուղ թաղամասում: Ընդդիմադիրները միտումնավոր այրել են վանքի գույքը, օրինակ` սրբապատկերները: Եկեղեցուց բացի, կրակից տուժել է նաև գրադարանը, հայկական «Մեսրոպյան» գիմնազիան, տարրական դպրոցը և մանկապարտեզը: Զինյալները, սակայն, չեն բավարարվել դրանով և առևանգել են նաև հայկական համայնքի 10 ներկայացուցչի:

2012 թվականի օգոստոսին Սիրիան ցնցեց Զամալկա քաղաքում հայ քրիստոնեական մի ամբողջ ընտանիքի սպանությունը: Նրանք բոլորն էլ սպանվել են գազանաբար` գլխատված: Իշխանության ու ընդդիմության միջև հակամարտության ընթացքում միայն Հալեպում իսլամիստների գործողություններից զոհվել են Հայ Առաքելական եկեղեցու 40 ներկայացուցիչներ: Դեյր էզ-Զոր քաղաքում, ուր գրեթե հարյուր տարի առաջ երիտթուրքական կառավարության կողմից իրականացվել է հայերի սարսափելի սպանդ, զինյալները ոչնչացրել են այդ սարսափելի աղետի զոհերին նվիրված հուշարձանը:

Հայերը ստիպված են կտրուկ լքել Սիրիան: Եթե 2010 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է միայն 422 սիրիացի, ապա 2011 թվականին` արդեն 3000 մարդ: Մինչդեռ 2012 թվականի առաջին երեք ամիսներին հայկական անձնագիր ստանալու ցանկություն է հայտնել 1500 մարդ: Ընդհանուր առմամբ, Սիրիայից Հայաստան է փախել 6000 քաղաքացի:

Կարծես թե, Սիրիայի ամենաուժեղ և ամենաազդեցիկ քրիստոնեական դավանանքը ուղղափառ եկեղեցին է, որը ներկայացված է Անտիոքի պատրիարքարանով (նրա հետևորդների քանակը հասնում է մինչև 1.8 միլիոն մարդու): Այն նույնպես ընդդիմադիր զինյալների թիրախում է: 2012 թվականի սկզբին ուղղափառ հասարակությանը ցնցեց Համա քաղաքում քահանայապետ Վասիլի Նասսարի մահը, ով վիրավորին օգնելու փորձի ժամանակ ընկել էր դիպուկահարի գնդակից: Իսկ հոկտեմբերին սպանվեց Կատանա քաղաքի հոգևորական, Անտիոքի պատրիարքարանի քահանա Ֆադի ալ-Հադդադը: Զինյալները նախ առևանգել են նրան, ապա կրակելով գլխին սպանել են: Զինյալների մոտ են գտնվում բազմաթիվ պատանդներ, որոնցից 63-ն ազատ արձակվեցին այս ամռանը:

Ինչպես տեսնում ենք, Սիրիայի քրիստոնյաները լրջորեն տուժել են զինյալների գործողություններից, թալանվում են նրանց վանքերը, առևանգվում և սպանվում են նրանց ներկայացուցիչները: Դրա հետևանքով քրիստոնյաների մեծ մասը ստիպված լքել է սեփական տները` որոնելով առավել անվտանգ վայրեր: Դա զարմանալի չէ, քանի որ իսլամիստները երբեմն անգամ չեն թաքցնում իրենց մտադրությունները: Օրինակ, սիրիացի ապստամբների առաջնորդներից Ադնան ալ-ուրը բաց կերպ ցանկություն է հայտնել քրիստոնյաներին մասնատել կտրոների և դրանք նետել շներին:

Սիրիայի մի շարք քաղաքներ ամբողջովին զրկվել են իրենց քրիստոնյա բնակչությունից: Դրանցից ամենախոշորը Հոմսն է: Հալեպն իր հերթին զրկվել է իր քրիստոնյա բնակչության մինչև 70 տոկոսից: Սիրիական քաղաքներից քրիստոնյա փախստականների ընդհանուր քանակը հաշվարկվում է հարյուր հազարներով: Փախստականները բաժանվում են երկու հոսքի. նրանց մի մասն ուղղվում է դեպի Դամասկոս, իսկ մյուս մասը` արտասահման` Լիբանան: Լիբանանյան մարոնիտների պատրիարք Բաշար Բուտրոս Ռաին հայտարարել է, որ իր համայնքը մտահոգված է Սիրիայում իսլամական պետության ի հայտ գալու հնարավորությունից, եթե Ասադի ռեժիմը հեռացվի իշխանությունից:

Սակայն ոչ բոլոր քրիստոնյաներն են հեռանում սեփական երկրից: Անտիոքի պատրիարք Յոհան ալ-Յազիջին հայտարարել է, որ քրիստոնյա բնակչությունը Սիրիայում է գտնվում նրա համար, որ այդ հողը պատկանում է նրան, և նա չի լքի այն` չնայած առկա բոլոր խնդիրներին: Սիրիացի մի շարք քրիստոնյաներ սկսել են սպառազինվել, որպեսզի հնարավորություն ունենան պաշտպանել իրենց և իրենց ընտանիքներին: Այդ գործընթացը հատկապես արագություն հավաքեց Հոմսի կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրի այրումից հետո: Անմիջապես ձևավորվեցին ինքնապաշտպանության մի քանի խումբ:

Քրիստոնեական փոքրամասնությունը զինված ընդդիմությանն անգամ պատասխանեց ավելի արմատական նախագծով` քրիստոնեական ինքնավարության ստեղծմամբ: Այդպիսի հռչակագրով հանդես եկավ Ադնան Չալմայի գլխավորած խումբը: Նա Սիրիայի քրիստոնյաներին կոչ արեց մի կողմ դնել բոլոր հակասությունները և միավորվել արմատական իսլամի սպառնալիքի դեմ:

Հռչակագրի հեղինակների խոսքերով` Սիրիայում իսլամիստների իշխանության գալը կդառնա ոչ միայն սիրիական, այլև` ողջ մերձավորարևելյան քրիստոնյաների ավարտը: Սակայն այդ նախագիծը կյանքի չկոչվեց օբյեկտիվ պատճառներով: Սիրիայի քրիստոնյաները ոչ միայն ցրված են տարածքային ու դավանական առումներով, այլև չափազանց թույլ են ռազմական տեսանկյունից. նրանց մեծ մասը մտավորականներ են կամ մանր բիզնեսի ներկայացուցիչներ:

Սիրիայում դիմակայությունը շարունակվում է, իսկ իսլամիստների պատժիչ ակտիվությունը չի վերանում քրիստոնյա բնակչության հանդեպ: Արմատական իսլամիստները հազիվ թե ժամանակակից պայմաններում կարողանան գոհացնել Սիրիայի քրիստոնյաներին: Ընդդիմության հաղթանակը, ամենայն հավանականությամբ, կավելացնի այդ երկրից քրիստոնյա ներգաղթյալների արտահոսքը: Պետք է ընդգծել, որ Սիրիան քրիստոնյաների համար ամենևին էլ Մերձավոր Արևելքի միակ «անբարենպաստ» երկիրը չէ:

Ոչ վաղ անցյալում զանգվածային գաղթով և կրոնական հիմքով մաքրումներով նույն իրավիճակը կրկնվել է Իրաքում, ուր ամերիկյան զորքերի ներխուժման ժամանակ ապրում էր 1.4 միլիոն քրիստոնյա, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է մոտ 400.000: Ավելին, ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում մուսուլմանների համեմատ քրիստոնյաների մասնաբաժինը կայուն կերպ նվազում է: Սովորաբար, քրիստոնեություն դավանող մտավորականության և քաղաքային փոքր առևտրականների շրջանում ծնելիության մակարդակը զգալիորեն փոքր է, քան` գյուղացիների շրջանում:

Եթե 100 տարի առաջ տարբեր եկեղեցիներին պատկանող անձինք կազմում էին Մերձավոր Արևելքի ողջ բնակչության 20 տոկոսը, ապա ներկայումս այդ ցուցանիշը կազմում է հազիվ 5 տոկոս: Քրիստոնյաների վիթխարի արտահոսք է գրանցվել նաև վերջին տարիներին, ինչը կապված է արմատական իսլամիստների աճող ակտիվությամբ: Քադաֆիի ժամանակ Լիբիայում ապրում էր 60.000-անոց քրիստոնեական համայնք, մինչդեռ այդ երկրում գրանցված քաղաքացիական պատերազմից հետո մնացել է դրա կեսը: Կտրուկ նվազում է նաև Եգիպտոսի ղպտի համայնքը. միայն 2011 թվականին այն զրկվել է իր 100.000 անդամներից: Քրիստոնյաներն արդեն իսկ մեծամասնություն չեն իր կազմավորման ժամանակ արաբական աշխարհի միակ քրիստոնեական կազմավորումում` Լիբանանում:

Տեսանյութեր

Լրահոս