Բաժիններ՝

2012թ. նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների համար կոնսոլիդացիայի տարի էր

«2012 թվականը, նախևառաջ, նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների համար կոնսոլիդացիայի տարի էր: Այդ ընթացքում մոտ 2 տասնյակ ընկերություններ համախմբվեցին ասոցիացիա ստեղծելու գաղափարի շուրջ: Այսպիսով, Հայաստանում նոր ստեղծված տեխնոլոգիական ընկերություններն այսուհետ իրենց շահերը կարող են միասնական պաշտպանել, իսկ սա կարևոր ձեռքբերում է մեզ համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի» նախագահ Գևորգ Սաֆարյանը՝ նշելով, որ համախմբման արդյունքում նորաստեղծ ընկերությունները կկարողանան միասնական քայլեր ձեռնարկել ոլորտի զարգացման, ինչպես նաև` աջակցություն ստանալու համար:

Բացի այդ, ըստ Գ. Սաֆարյանի՝ 2012թ.  լուրջ հաջողությունները գրանցվեցին միջազգային հարթակներում, ինչպես, օրինակ՝ MicroForester ընկերության նախաձեռնությունը՝ բջջային հեռախոսի միջոցով ծառ տնկելու և գումար վաստակելու ծրագիրը (տես՝ այստեղ):

Եվրոպայում և ընդհանրապես աշխարհում այս նախաձեռնությունը լուրջ  հետաքրքրություն է առաջացրել: Գ. Սաֆարյանը նշում է, որ մի շարք հաղթանակներ են գրանցվել նաև հայաստանյան շուկայում:

«Ամենակարևոր հաղթանակներից մեկն այն էր, որ մի շարք նորաստեղծ թիմեր նոր լիցքեր ստացան իրենց գործունեությունը զարգացնելու և նոր ընկերություններ ստեղծելու համար: Այս առումով կարևորում եմ հատկապես «ATS 2012» նորաստեղծ ընկերությունների մրցանակաբաշխությունը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց տեխնոլոգիական երիտասարդության շրջանում»,- ասաց Գ. Սաֆարյանը՝ նկատելով, որ մասնակցությունը նման միջոցառումներին նոր թափ է հաղորդում Հայաստանում նոր ընկերություններ ավելացմանը:

Կարդացեք նաև

Գ. Սաֆարյանի տեղեկացմամբ՝ ներկայումս «Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան» մոտ 20 ընկերությունների է համախմբում, սակայն առաջիկայում՝ 2013թ. հունվարին, նախատեսում են ժողով անցկացնել, որի ժամանակ արդեն անդամագրության համար ևս 6 ընկերություններ կմիանան իրենց: «Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի» նախագահի խոսքով՝ ամենակարևոր խնդիրը մարդկանց մեջ, հատկապես՝ երիտասարդության շրջանում start-up շարժում ստեղծելն էր, որպեսզի նրանց մեջ արթնացնեն նոր ընկերություն ստեղծելու ոգին: «Այս ուղղությամբ մենք լավ հիմքեր ենք ստեղծել 2012թ.-ին, որի դրական արդյունքները տեսանելի կլինեն արդեն 2013 թվականին»,- ասաց Գ. Սաֆարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս