ՕԵԿ-ը Ամանորն անցկացնելու 15 տարվա յուրովի ավանդույթ ունի
168.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայ ժողովրդին մաղթեց լիություն, լայն հնարավորություններ, հաջողություններ, ուրախություններ, մանկան ճիչեր և պայմաններ, որոնք կկասեցնեն արտագաղթը:
Ինչ վերաբերում է 2012 թվականի ընթացքում Հայաստանի գրանցած ամենամեծ ձեռքբերմանը, ապա Հ. Բիշարյանը կարծում է, որ դա ֆինանսանտեսական ճգնաժամի հետևանքներին դիմակայելն էր ու տարին անցնցում անցկացնելը:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ արդեն 15 տարի է՝ Նոր տարին անցկացնում է ոչ միայն ընտանիքում, այլև քաղաքական թիմով: «Ամեն տարի, դեկտեմբերի 31-ի երեկոյան մեր քաղաքական թիմի զգալի անդամներ մեր ընտանիքներով հավաքվում ենք, Նոր տարին անցկացնում ենք միասին, այնուհետև առավոտվանից անցնում ենք հյուրերի ավանդական ընդունելությանը:
15 տարի է՝ ՕԵԿ-ն արդեն որդեգրել է այս գեղեցիկ ավանդույթն ու ուրախությունով նշում է: Ամեն տարի Արթուր Բաղդասարյանի կողմից արվում է ոչ միայն հրավերք, այլև անակնկալ նվերներ մեր կուսակիցների երեխաներին»,- մասնավորեցրեց նա:
Տիկին Բիշարյանը շեշտեց նաև, թե քանի որ Ամանորը մեր երկրում «անհնար է չհամարել ուտելու տոն», իսկ ապրանքների գներն էլ Հայաստանում բարձր են, բոլոր ընտանիքները, ինչպես և իր ընտանիքը, ընկնում է տոնական ծախսի տակ:
Նման դեպքերում Բիշարյանը խորհուրդ է տալիս խնայողություններ անել ու մտածել ավելի հետաքրքիր լուծումներով տոնը զարդարելու մասին: «Ես իմ հնարավորության շրջանակներում եմ ծախսեր կատարում: Բոլորին պարտադիր չէ սեղանին ամեն ինչ դնել, ամենալավից դնել, ամենաթանկը գնել»,- ընդգծեց նա: