2012-ը Էմմի համար այնքան էլ բուռն տարի չէր (լուսանկարներ)
Ամանորը երգչուհի Էմմիի ամենասիրած ու սպասված տոնն է:
«Նոր տարվա համար պատրաստվող յուրաքանչյուր գործընթացում` թե՛ տոնածառի զարդարման, թե՛ բնակարանի, պատշգամբի ձևավորման, թե՛ ուտելիքների պատրաստման ժամանակ իմ ներկայությունը պարտադիր է,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին և ավելացրեց,- Բնականաբար, աշխատանքի բերումով լինում են դեպքեր, երբ Ամանորն անցկացնում եմ աշխատանքային միջավայրում, բայց, այնուամենայնիվ, ժամը 12:00-ին միշտ տանն եմ լինում և ընտանիքիս հետ եմ Նոր տարին դիմավորում»:
2012 թվականն Էմմիի համար այնքան բուռն չէր, որքան եղել են նախորդ բոլոր տարիները. «Կարելի է ասել, որ 2012 թվականը 2013-ին կատարվելիք աշխատանքների սկիզբն է եղել: Գալիք տարում կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ, ելույթներ, ինչպես առհասարակ արտիստի կյանքն է լինում: Բնական է, որ առանց նորությունների՝ երկրպագուներն ամբողջ տարվա ընթացքում չեն շարունակի քեզ երկրպագել: Առհասարակ, սովորություն չունեմ պլաններս նախօրոք ասել, ասում եմ այն ամենն, ինչը հաստատ գիտեմ»:
Երգչուհին յուրաքանչյուր տարի Ձմեռ պապիկից այնպիսի նվերներ է խնդրում, որոնք անպայման իրականանում են: «Միշտ ռեալ նվերներ եմ ուզում, ինչպես, օրինակ` լիքը-լիքը շոկոլադ: Դեռևս չեմ հասցրել բոլորի համար նվերներ գնել: Ընդհանրապես շատ քիչ հարազատներ-ընկերներ ունեմ, ում համար նվերներ եմ պատրաստում»,- ասաց Էմմին: