Երևանում հայտնաբերված երեխաների առողջությանը վնասակար խաղալիքները վաճառքից հանվել են

Կայուն օրգանական աղտոտիչների ոչնչացման հարցերով միջազգային ցանցի գիտության ոլորտի խորհրդատու, ԱՄՆ-ից ժամանած Ջո Դի Գանգինի` Հայաստանում կատարած հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ տոնավաճառներում և ոչ ֆիրմային խանութներում վաճառվող մանկական խաղալիքների 70 տոկոսը վտանգավոր է երեխաների առողջության համար.  դրանք պարունակում են տոքսիկ մետաղներ:

Հայաստանում ոլորտը վերահսկող պետական մարմիններից մեկը  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն է: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսչությունը ոլորտում ստուգումներ կատարել է այս տարվա նոյեմբեր ամսին.

«2012-ի նոյեմբերին Երևանում մանկական խաղալիքների առևտրի կազմակերպությունների ստուգման ընթացքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2007-ի մարտի 26-ի թիվ 539 հրամանոց հաստատված «Մանկական խաղալիքների, խաղերի արտադրության և իրացման» սանիտարական կանոնների պահանջներին չհամապատասխանող, չինական արտադրության խաղալիքներ: Հետազոտված տարբեր նյութերից պատրաստված 10 մանկական խաղալիքի տեսականու նմուշներից 5-ը չի համապատասխանել սանիտարական նորմերի պահանջներին: Մասնավորապես`ռետինե խաղալիքների 3 նմուշում ֆենոլը գերազանցել է սահմանային թույլատրելի քանակությունը, 2 նմուշում ձայնային ճնշման մակարդակները գերազանցել են սանիտարական նորմերի պահանջներին»:

Ըստ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության՝ նման խաղալիքների օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների առողջության վրա, մասնավորապես`նյարդային և իմունային համակարգի, մաշկի, աչքերի և շնչառական ուղիների լորձաթաղանթների վրա: Նշված խաղալիքներն, ըստ տեսչության տվյալների, հանվել են վաճառքից:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով`խաղալիքների (խաղերի) արտադրության համար չեն թույլատրվում օգտագործել օգտաթափոնք, բնական մորթի և կաշի (մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքների արտադրության ժամանակ), ծառի կեղև. «Փողային երաժշտական խաղալիքների մասերը, որոնք հպվում են երեխաների շրթունքներին, ինչպես նաև չխկչխկանները, պետք է պատրաստված լինեն խոնավակայուն, ինչպես նաև հեշտ լվացվող և ախտահանվող նյութերից: Արտադրվող և իրացվող խաղալիքները (խաղերը) չպետք է պարունակեն կենսաբանական, քիմիական և ճառագայթաակտիվ տարրեր և նյութեր այնպիսի քանակությամբ, որոնք կարող են վնաս հասցնել երեխաների կյանքին և առողջությանը: Խաղալիքներից առաջացող ձայնի մակարդակը չպետք է գերազանցի 65դԲ (բացառությամբ սպորտային մրցույթների համար պատրաստված խաղալիք-մոդելների, երաժշտական խաղալիքների, փողային և հարվածային երաժշտական գործիքների)»:

Տեսանյութեր

Լրահոս