Գուրգեն Եղիազարյանը Սերժ Սարգսյանին շնորհավորում է

Եթե առաջնորդը չի մասնակցում ընտրություներին, ինչո՞ւ պետք է մասնակցի Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ): Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ի կայացրած որոշմանը, այն է՝ չմասնակցել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին և չպաշտպանել առաջադրված թեկնածուներից և ոչ մեկին:

Մեր հարցերին, թե՝ համամի՞տ եք ՀԱԿ-ի հայտարարության մասնավորապես այն հատվածին, թե չմասնակցելն ու չսատարելը  «ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը», և  չե՞ք կարծում, որ չմասնակցելով՝ իշխանության վերարտադրման համար ավելի նպաստավոր պայմաններ եք ստեղծում, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Բոլոր թեկնածուներն էլ, ովքեր արդեն առաջադրվել են, չեն պայքարում առաջին տեղի համար, այլ ընդամենը 3-րդ, 4-րդ, 5-րդ տեղերի համար են մրցակցում: Իսկ եթե չեն մրցակցում առաջին տեղի համար, էլ ինչի՞ է պետք մասնակցել: Սա նախագահական ընտրություններ է, երկրորդ և տասներորդ տեղերն իրարից ոչնչով չեն տարբերվում (ծիծաղում է.- Տ.Մ.): Մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի որոշումը՝ չմասնակցել ընտրություններին, տարբեր տեղերից ձայներ էին հնչում նրա մասնակցության վերաբերյալ: Բայց հիմա պարզվեց, որ իրականում կա միայն մեկ մարդ, ով կարող է դիմակայել այս իշխանություններին՝ դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Հիմա համոզվեցի՞ք դրանում: Այն ժամանակ տարբեր անկյուններից շատ էին խոսում: Իսկ մենք ինչո՞ւ պետք է պաշտպանենք տարբեր մարդկանց, ովքեր չորրորդ, հինգերորդ տեղերի համար են մասնակցում, նպատակը ո՞րն է»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Նրա համոզմամբ՝ նախագահական ընտրությունները պայքար են առաջին տեղի համար. «Իսկ եթե մարդիկ գիտակցաբար մասնակցում են ընտրություններին, որպեսզի ցանկացած տեղում հայտնվեն, ուրեմն դա թույլ է տալիս ենթադրել, որ նրանք այլ խնդիր ունեն լուծելու»:

Մեր դիտարկմանը, թե Հրանտ Բագրատյանը և՞ս «այլ խնդիր ունի լուծելու», Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես Հրանտ Բագրատյանի համար ոչ մի բան չեմ ասելու: Մնացած թեկնածուների վերաբերյալ կարող եմ ձեզ իմ կարծիքն ասել: Ի վերջո, մենք հինգ տարի կողք կողքի պայքարել ենք: Դրա համար չեմ ուզում մեկնաբանել: Իսկ մնացածները գիտեն, որ չեն հաղթելու, և դրել են իրենց թեկնածությունը՝ ծառայելու համար մեկ նպատակի՝ լեգիտիմացնել ընտրությունները, որպեսզի ապահովեն մրցակցային դաշտը, բայց այն Ձեզ համար էլ է, չէ՞, ծիծաղելի: Այնպես որ, կարող ենք Սերժ Սարգսյանին շնորհավորել՝ որպես նախագահ: Իսկ լեգիտի՞մ կլինի նա, թե՞ ոչ, չեմ կարող ասել»:

Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, թե ՀԱԿ-ի երկրորդ թեկնածուի առաջադրման մասին խոսակցություններ չեն եղել, որովհետև իրենց համար միանշանակ առաջադրվող թեկնածուն եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀԱԿ-ը մտադիր է ընտրել ընտրությունները բոյկոտելու ճանապարհը, ապա Գ. Եղիազարյանն ասաց, թե «բոյկոտն անիմաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս