Contact-ը ՀՀ Կենտրոնական բանկին մեղադրում է պրոտեկցիոնիզմի մեջ
Այսօր CONTACT վճարային համակարգի օպերատոր «ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ»-ն ափսոսանք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի` Հայաստանում CONTACT-ի գործունեության թույլտվությունն ուժը կորցրած համարելու որոշման կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետությունում իր աշխատանքի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում «ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ» ԱԿԲ-ն, որպես CONTACT վճարային համակարգի օպերատոր, կատարել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, ինչպես նաև ֆինանսական շուկայի կարգավորիչների բոլոր իրավական պահանջները, և մինչ օրս Հայաստանի Հանրապետության ֆինանսական իշխանությունների, ինչպես նաև իր բազմաթիվ գործընկերների կողմից որևէ ծանուցում չի ստացել պայմանագրային պարտավորությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգերի գործունեության կանոնների խախտման վերաբերյալ: «ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ» ԱԿԲ-ն չի ընդունում որոշման մեջ նշված արգելքի պատճառը, այն է “հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտում և ՀՀ տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքի դադարեցում», – գրված է հայտարարության մեջ:
«ՌՈՒՍՍԼԱՎԲԱՆԿ» ԱԿԲ-ն ՀՀ ԿԲ-ի որոշումը գնահատում է որպես պրոտեկցիոնիստական միջոց, որն ուղղված է ֆինանսական շուկաներում մրցակցության ստիպողական սահմանափակմանը, մասնավորապես` դրամական փոխանցումների ոլորտում, ինչը միանշանակ կհանգեցնի հաճախորդների համար դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծառայությունների գների աճին: Ըստ մեզ, նման որոշումները էապես ազդում են երկրում ներդրումային գրավչության և բիզնեսի վարման պայմանների թափանցիկության վրա», – գրված է հայտարարության մեջ: