Բաժիններ՝

Ուզեն, թե չուզեն` նրանք պետք է շփվեն ու փորձեն իրար հասկանալ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Այ, օրինակ, կենտուրիոն Մարկը, որի մականունն է Առնետասպան՝ նա բարի՞ մարդ է»: «Այո,- պատասխանեց ձերբակալվածը,- ճիշտ է, նա դժբախտ մարդ է: Այն ժամանակներից, երբ բարի մարդիկ նրան այլանդակեցին, նա դարձավ դաժան և անգութ»:

Դա, ինչպես հասկացաք, Պիղատոսի և Յեշուայի երկխոսությունն է Բուլգակովի հայտնի վեպից՝ իմ անկատար թարգմանությամբ: Գլխավոր իմաստը, որքան ես հասկանում եմ, սերն է, որը մեզ քարոզում է Ավետարանը: Բայց ես այստեղ տեսնում եմ նաև կոնկրետ հասարակական իմաստ՝ չշտապել գնահատել այս կամ այն երևույթը կամ տեսակետը, այլ փորձել հասկանալ, թե ինչու է այդ իրադարձությունը տեղի ունեցել կամ ինչու է այդ մարդն այսպես կարծում: Այս սկզբունքը պետք է գործի թե քաղաքական կյանքում և թե, հատկապես, լրագրության մեջ:

Այս իմաստով վերջին երկու տարիներին շատ աննշան, բայց առաջընթաց է արձանագրվել: 20 տարի իշխանության և ընդդիմության երկխոսությունը հանգում էր հետևյալ հոխորտանքների: Իշխանություն. «Հը, իշխանությո՞ւն եք ուգում: Առ-ռ-ռս հա՝ կստանաք»: Ընդդիմություն. «Դուք հանցագործներ եք, հեսա կգանք՝ բոլորիդ կկախենք»:

Իհարկե, քաղաքական այս mainstream-ը պահպանվել է, բայց որոշ նոր տարրեր, այնուամենայնիվ, ի հայտ են եկել՝ նախ 2011-ի ընդդիմություն-կոալիցիա երկխոսության, իսկ այնուհետև՝ պառլամենտի այս գումարման գործունեության տեսքով: Եվ այստեղ, իհարկե, իրենց դրական դերն են խաղացել բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ՝ այն կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում:

Ուզեն, թե չուզեն՝ նրանք պետք է շփվեն ու փորձեն իրար հասկանալ՝ ինչպիսի սկզբունքային հակասություններ էլ ունենան: Մասնավորապես, մենք կամաց-կամաց հեռանում ենք այն կարծրատիպից, թե ընղդիմադիրն անպայման պետք է լինի տառապյալի, հետապնդվողի և հայհոյողի դերում՝ այդ ժամանակներն անցնում են:

Երբ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին մեծարում են մեր լավագույն մարզիկներին, դա չի նշանակում, որ նրանց կուսակցությունների միջև սկզբունքային հակասություններ չկան՝ դա ընդամենը նշանակում է, որ երկուսի համար էլ կարևոր է մեր սպորտի վիճակը: Այս մշակույթը նոր է իր ծիլերը տալիս, բայց վստահ եմ՝ 5, 10 տարի հետո այս ոճը գերակայող կդառնա:

Երբեմն ուսանողներս ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ձեզ այսինչը չի սիրում: Սովորաբար տրվում են ինձ անծանոթ անուններ: Ես, երևի, պիտի պատասխանեմ այսպես. «Ինչ-որ բարի մարդիկ այդ մարդուն ինչ-որ գաղափարներ են ներշնչել, և շատ հնարավոր է՝ այդ գաղափարներն ավելի ճիշտ են, քան իմը»: Եթե այդ մարդը պատրաստ է ինձ լսել՝ շատ լավ՝ ես կներկայացնեմ իմ փաստարկները, եթե պատրաստ չէ՝ իր գործն է, ուրեմն նա հաճույք է ստանում՝ ինձ չսիրելուց: Չնայած այդ հաճույքը, իմ կարծիքով, բավականին կասկածելի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս