ՀԱԿ-ը չի քննարկել որևէ թեկնածուի առաջադրման հարց և տրամադրված է բոյկոտելու ընտրությունները

Ինչպես արդեն հայտնի է, այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղխորհրդի նիստը, որի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նիստում քննարկվել է 2013 թ. նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի մասնակցության ձևաչափը, և նշել, որ ընդունվել է որոշում, որը կհրապարակվի վաղը:

168.am-ի տեղեկություններով` նիստի ընթացքում չի քննարկվել ՀԱԿ-ի կողմից որևէ անձի առաջադրման հարց, այլ քննարկվել է ընտրություններում ՀԱԿ-ի մարտավարությունը: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, ՀԱԿ-ում հիմնականում տրամադրված են բոյկոտելու ընտրությունները: Ավելին` ՀԱԿ-ը փորձում է ընդլայնել բոյկոտի դաշտը և այժմ այդ հարցի շուրջ բանակցում է «Բարգավաճ Հայաստանի» և Հայ հեղափոխական դաշնակցության և մյուս ուժերի հետ, ինչը, ըստ ընդդիմադիրների, լուրջ խնդիր կարող է դառնալ իշխանությունների համար:

Այս տրամաբանությունից կարծես դուրս է մնում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, ով «Ազատություն» կուսակցության կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Սակայն կոնգրեսականների հիմնական թևը ձգտելու է Բագրատյանին նույնպես համոզել` չմասնակցելու ընտրություններին և միանալու բոյկոտին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին հրապարակված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

Տեսանյութեր

Լրահոս