ՀԱԿ-ը որոշում է ընդունել (տեսանյութ)
ՀԱԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի ունեցավ քաղխորհրդի նիստ, որի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ քննարկվել է 2013թ. նախագահի ընտրությունների մասնակցության իրենց ձևաչափը. «Ընդունվել է որոշում, որը կհրապարակի վաղը` որոշակի կոնսուլտացիաներից հետո»,- ըստ «Ա1+»-ի՝ ասել է Լևոն Զուրաբյանը:
Կայքի փոխանցմամբ՝ այսօրվա քաղխորհրդի նիստին ներկա չէին ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Ինչ վերաբերում է վերջինիս` իբրև նախագահի թեկնածու առաջադրմանը և նրան սատարելու վերաբերյալ հարցերին, Լ. Զուրաբյանն ընդգծել է. «Ես կարծում եմ, որ վաղը, երբ հրապարակվի մեր որոշումը, դուք բոլոր փակագծերը բաց կհամարեք. ամեն ինչ շատ հստակ կլինի մեր հայտարարության մեջ»:
Լևոն Զուրաբյանն անդրադարձել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ նա նշել էր իր չառաջադրվելու պատճառների մասին. «Լևոն Տեր-Պետրոսյանի բացատրությունները բավականին պարզ էին և շատ լավ ներկայացնում է իր որոշումն ու դրա պատճառները: Չգիտես ինչու` որոշ լրատվամիջոցներ ու քաղաքական գործիչներ որոշել են, որ այս հայտարարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից: Նման բան գոյություն չունի. սա ընդամենը որոշում է կոնկրետ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին»:
Ո՞րն է եղել նման շահարկումների նպատակը. «Շատ պարզ նպատակով է արվում` բարոյազրկելու համար այն ընտրազանգվածը, այն համակիրների բանակը, որ մենք ունենք, բայց սա բացարձակապես որևէ կապ չունի իրականության հետ, պայքարը շարունակվում է, շարժումը շարունակվում է, մեր կառույցները վճռական են` իրագործելու այն նպատակը, որի համար այս շարժումը ստեղծվել է, այն է` Հայաստանում ստեղծել ժողովրդավարություն, սահմանադրական կարգ և ժողովրդի իշխանություն»: