Հայաստանը` միջազգային ատկատների աճուրդում

Արտաքին քաղաքականության հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե դիվանագիտությունը որևէ երևույթի մասին հնարավորինս լղոզված արտահայտվելն է, ամեն ինչ հնարավոր համարելը, ոչինչ չբացառելն ու ոչինչ չմերժելը:

Դիվանագիտության տեխնիկական գործիքակազմում դա, իհարկե, որոշակի տեղ ունի, սակայն դրանից չի բխում, թե կարելի է արտաքին քաղաքականություն իրականացնել միայն այդ մարտավարական մտավարժանքի վրա հիմնվելով: Մինչդեռ Հայաստանն այսօր վարվում է հենց այդպես:

Օրինակ` այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե Եվրասիական միությանն  ու Եվրոպական միությանն ինտեգրվելու շրջանակներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հակասությունների խնդիրներ չունի: «Հայաստանի համար Եվրոպական միություն ինտեգրումը առաջնահերթություններից է, և երկարաժամկետ նպատակադրումներով իրականացվել են կոնկրետ քայլեր»,- ասել է երիտասարդ հանրապետականը, ով ի պաշտոնե ղեկավարում է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը:

Արտակ Զաքարյանն, իհարկե, մեղավոր չէ. եթե նա իմանար, թե այս ուղղություններից որն է ընտրելու Հայաստանի քաղաքական  ղեկավարությունը, ինչ որոշում է կայացնելու Սերժ Սարգսյանը, կկարողանար ավելի նորմալ հայտարարություններ անել: Բայց նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ոչ միայն դեռևս որոշում չի կայացրել, այլ բացառված չէ նաև, որ կախված ընտրությունների ընթացքից` Եվրասիական միությանն անդամագրվելու երաշխիքներ է տվել: Հետևաբար, նրանք, ովքեր ստիպված են խոսել այդ թեմայի վերաբերյալ, դեռևս լղոզված ձևակերպումներով ժամանակ են ձգում:

Այն դեպքում, երբ մանևրելու, կոմպլեմենտարիզմ խաղալու ժամանակն այլևս սպառվել է, քանի որ կողմերից յուրաքանչյուրն առավել քան պարզորոշ կերպով Հայաստանին սպառնում կամ հորդորում է` կողմնորոշվել:

Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն արդեն իսկ հայտարարել է, որ հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Մաքսային միության միջև կստորագրվի հուշագիր: Ընդ որում, այդ հայտարարությունն անելիս ռուս բարձրաստիճան պաշտոնյան Մաքսային միության անդամակցության Հայաստանի հեռանկարը ներկայացնելով՝ ասել է, որ ՀՀ-ն կարող է ունենալ էքսկլավի կարգավիճակ, ու որպես օրինակ՝ նշել է Կալինինգրադը: Նա, իհարկե, ուշադրություն չի դարձրել այնպիսի «մանրուքի» վրա, որ Կալինինգրադը Ռուսաստանի վարչատարածքային միավոր է, իսկ Հայաստանը` սուվերեն պետություն: Բայց մեղադրել ռուսներին մեր ինքնիշխանությունը վիրավորելու համար, մեղմ ասած, ազնիվ չի լինի: Մեր իշխանություններն արդեն որերորդ անգամ չեն համարձակվում ծպտուն հանել, երբ ռուս որևէ պաշտոնյա իրեն թույլ է տալիս ոտնահարել Հայաստանի ինքնիշխանությունը:

Մինչ ռուսները Հայաստանի եվրասիականացման մասին խոսում են նման սպառնալից և վիրավորական տոնով, եվրոպացիները հարցը՝ քաղաքավարի, բայց կրկին կտրուկ են դնում:

Մասնավորապես, Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը շաբաթ օրը ներկայացրել է Եվրամիության պաշտոնական տեսակետը Հայաստանի` Ռուսաստանի ու մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ Մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ։ «Մենք այժմ բանակցում ենք Ասոցիացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ։ Հայաստանն ազատ ու ինքնիշխան է ցանկացած համաձայնագրի մեջ մտնելու հարցում, այդ թվում՝ նաև երրորդ երկրների հետ համաձայնագրի մեջ մտնելու առումով»,- ասել է նա: ԵՄ պաշտոնյան նշել է, որ Հայաստանի անդամակցությունն Ազատ առևտրի պայմանագրին՝ երրորդ երկրների հետ չի հակասում Եվրամիության հետ խորացված ու համապարփակ ազատ առևտրի բանակցություններին, սակայն հակասություն կա, մասնավորապես, մաքսային միությունների առնչությամբ:

«Եթե Հայաստանը որոշի միանալ որևէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք երկկողմանի Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հետ»,- հայտարարել է ԵՄ Արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակը: Ավելի պարզ, ինչպես ժողովրդական խոսքն է հիշեցնում, ասում են միայն հայտնի կենդանուն, որի համառությամբ Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները չեն ցանկանում ընդունել, որ եկել է ընտրություն կատարելու ժամանակը:

Արտակ Զաքարյանն, օրինակ, այսօրվա ասուլիսում` անդրադառնալով Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլիեմ վան դեր Գիստենի հայտարարությանը, թե կգա մի պահ, երբ Հայաստանը պետք է սահմանի իր գերակայությունները, թե տարբեր ոլորտներում ում հետ է ուզում լինել, ասել է, թե ԵՄ  ներկայացուցչի նշած մաքսային խնդիրները հետագայի խնդիր է, իսկ Հայաստանը կամ-կամի դեպքում կողմնորոշվելու է պետական շահերի առաջնայնությամբ:

Երբ ասելիք չկա, իհարկե, միշտ կարելի է հղում անել պետական շահին: Բայց սա քաղաքականություն է, ռեալ քաղաքականությունը, որը տարբերվում է ռազմահայրենասիրական դաստիարակությունից:

«Առաջնորդվելու ենք մեր պետության շահերով: Եթե կամ-կամի խնդիր կդնեն, ապա այդ դեպքում, ինչպես ընդունված է , պետք  է գերակշռեն ազգային պետական շահերը»,- հայտարարել է Արտակ Զաքարյանը` ավելացնելով, որ ընտրություն կատարելու առումով Հայաստանի համար ցանկացած ինտեգրման գործընթաց առաջինը տնտեսական շահի առաջնահերթությամբ  է պայմանավորված: Այլ կերպ ասած, եթե ռուսները տնտեսական շահի տեսանկյունից գրավիչ հեռանկար խոստանան, կարելի է անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը, եթե ավելի շահավետ լինի ԵՄ-ի առաջարկը, կարելի է գնալ այդ ուղղությամբ:

Փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված է «փողին մուննաթ» սկզբունքը: Դա որքան տարօրինակ, նույնքան օրինաչափ է Հայաստանի ներկայիս իշխանությունների պարագայում: Մեր պաշտոնյաների ու քաղաքական գործիչների մեծամասնության համար քաղաքականությունը փողի աղբյուր է, հետևաբար՝ շահավետ է այն տարբերակը (կուսակցությունը, առաջնորդը, սկզբունքը, դաշինքը և այլն), որն ավելի շատ փող է ապահովում:

Տեսանյութեր

Լրահոս