
Ի՞նչ հավաքածու ունի Գեղամ Մանուկյանը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Գեղամ Մանուկյանն, արդեն տասը տարի է` ինչ հավաքում է տարբեր ժողովուրդների ձեռքի աշխատանք-ստեղծագործությունները:
168.am-ի հետ զրույցում Գ. Մանուկյանն ասաց, որ հավաքում է այնպիսի իրեր, որոնք արտահայտում են տվյալ ժողովրդի ազգային յուրահատկությունը: Այս պահի դրությամբ հեռուստաընկերության տնօրենն ունի ավելի քան 30 երկրներից բերված` 40-50 ցուցանմուշներ (Լաոս, Մեքսիկա, եվրոպական երկրների մեծ մասը, Մոլդովա, Ղազախստան, Վրաստան, Չինաստան, և այլն):
«Հիմնականում հավաքածուս լրացնում եմ այն իրերով, որոնք ինքս եմ բերում: Երբեմն բարեկամներս և ընկերներս էլ են հավաքածուս լրացնում: Մի անգամ շատ լավ առիթ եմ ունեցել: Մասնակցում էի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համաժողովին և այդ ժամանակ բացահայտեցի մի հսկայական խանութ, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկրները ներկայացրել էին իրենց հուշանվերները»,- պատմեց Գեղամ Մանուկյանը:
Վերջինս տարբեր ժողովուրդներին բնորոշ իրեր հավաքելու ընթացքում մի հետաքրքիր բան է պարզել. «Տարբեր ժողովուրդների մոտ նկատվում է գորտի նկատմամբ առանձնահատուկ պաշտամունք: Ամեն երկիր փորձել է գորտի ձայնը յուրովի վերարտադրել»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ամեն անգամ գրախանութ մտնելիս շատ է ափսոսում, որ մեծահարուստ չէ, այլապես ողջ խանութը կգներ:
Նշենք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրենն իր ննջասենյակում` վերանորոգումից հետո, կահույքը փոխել է, որպեսզի իր յուրօրինակ հավաքածուի ցուցադրության համար հատուկ վայր հատկացվի: