
Լուսանկարիչը երիտասարդներին խորհուրդ է տալիս հին գրականություն կարդալ

Լուսանկարիչ Վռամ Հակոբյանը մեծ սեր ունի ֆիլմերի նկատմամբ: Լուսանկարիչը սիրում և գնահատում է հատկապես լավ նկարահանած և լավ դերասանական կազմ ունեցող ֆիլմերը: Նրա ամենասիրելի ֆիլմը Տարանտինոյի «Криминальное чтиво» ֆիլմն է. «Այսօր էլ այս ֆիլմը սկզբից մինչև վերջ մեծ հաճույքով կնայեմ, որովհետև շատ սրամիտ, հետաքրքիր և զիլ նկարահանած ֆիլմ է»:
Վռամ Հակոբյանը մեծ սեր ունի նաև գիտական գրականության նկատմամբ. «Գեղարվեստական գրականություն այսօր ես չեմ կարդա: Ինձ թվում է` ողջ կլասիցիզմը, ռոմանտիզմը, դեդեկտիվ և ֆանտաստիկ գրականությունը կարդացել եմ: Ի՞նչ գիրք պետք է լինի, որ գրավի ինձ: Երիտասարդներին հնարավոր է, որ գրավի, բայց ինձ` այժմ ոչ: Լիցքաթափվելու համար հավանական է, որ դեդեկտիվ գրականություն կկարդամ: Հիմնականում գիտական գրականություն եմ կարդում: Ժամանակին ֆանտաստիկ գրականություն էի շատ սիրում, հիմա չես կարդա, քանի որ ֆիլմերն այդ հարցը լուծել են»: Լուսանկարիչը երիտասարդներին խորհուրդ է տալիս կարդալ այն, ինչը դեռ չեն կարդացել. «Բոլոր երեխաները «Հարրի Փոթեր» են կարդում: Իմ տղաներն էլ շատ քիչ բան են կարդացել: Իրենց ժամանակակից գրքերն են հետաքրքրում: Պետք է հին գրքերը կարդան, որ կարողանան առաջ գնալ: Երիտասարդները կարդալու հավես չունեն»: