Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ականների ականջին
Դեկտեմբերի 25-ին Դաշնակցությունը Գերագույն ժողով է հրավիրել, որի ընթացքում որոշելու է նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափը: Միաժամանակ ՀՅԴ-ականներն արդեն հայտարարել են, որ, եթե մասնակցեն ընտրություններին, ապա` միայն սեփական թեկնածուով: Այսինքն` ՀՅԴ-ն առնվազն չի բացառել, որ կարող է հետևել «Բարգավաճ Հայաստանի» օրինակին և թեկնածու չառաջադրելու դեպքում՝ չեզոք դիրքորոշում որդեգրել:
ՀՅԴ-ի Գերագույն ժողովի օրվա ընտրությունը պատահական չէ: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենալու «Հանրապետություն» կուսակցության համագումարը, 22-ին` ՀՀՇ-ի համագումարն ու «Ժառանգության» համագումարանման միջոցառումը, 24-ին` «Ազատություն» կուսակցության համագումարը:
Նշվածներից որոշակի է միայն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան. նա այդ օրը հանդիսավորապես հայտարարելու է, որ գտել է «Նոր Հայաստանի» քաղաքացիական թեկնածուին, և այդ թեկնածուն ինքն է: Շատ ավելի անորոշ է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, որն էլ ավելի անորոշ դարձավ Հրանտ Բագրատյանի` նախագահական ընտրություններում հնարավոր առաջադրման մասին հայտարարությունից հետո:
Վերջինս էլ` իր համագումարում կհայտարարի առաջադրման մասին, եթե ՀՀՇ համագումարում Տեր-Պետրոսյանը չառաջադրվի որպես թեկնածու, կամ առաջադրվի, ասենք, Լևոն Զուրաբյանը:
Մի խոսքով, դեկտեմբերի 25-ին` ՀՅԴ Ժողովի օրը, իրավիճակը շատ ավելի որոշակիացած է լինելու: Մասնավորապես, մեծ հավանականությամբ, պարզ կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը: (Իհարկե, Տեր-Պետրոսյանն իր որոշման հրապարակումը կարող է երկարաձգել մինչև հունվարի 4-ը, սակայն դա կլինի չառաջադրվելու որոշում, քանի որ, եթե նա առաջադրվելու է մինչև հունվարի 4-ը, ՀՀՇ համագումարից ավելի հարմար և հանդիսավոր առիթ չի լինելու):
Ավելի վաղ տեղի ունեցած մի իրադարձության համատեքստում վերը նշված իրողությունները հաշվի առնելով՝ միամտություն կլինի կարծել, թե դաշնակցականները դեկտեմբերի 25-ին որոշում են կայացնելու Կենկենի շրջաբերականների հիման վրա: Նրանք, իհարկե, որոշում կայացնելուց շրջաբերական կստանան, բայց, ըստ ամենայնի, ոչ թե Կենկենից, այլ Բաղրամյան 26-ից, որտեղ մոտ 10 օր առաջ ՀՅԴ-ականներ Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը հանդիպեցին նախագահ Սերժ Սարգսյանին:
Քաղաքական տրամաբանության մեջ որևէ կերպ չտեղավորվող այդ հանդիպման մասին այդպես էլ որևէ արժանահավատ, ուղղակի պարզաբանում չներկայացվեց: Անուղղակիորեն, թերևս, նաև այդ հանդիպման հետևանքը եղավ դեկտեմբերի 12-ի ԲՀԿ-ի որոշումը: Բայց դաշնակցականները, առանց դիսկոմֆորտ զգալու (հանդիպել էին մեկի հետ, ում հրաժարականն են պահանջում), հայտարարեցին, որ անդրդվելի են Սերժ Սարգսյանի հետ հաղորդակցվելու իրենց համազգային իղձի մեջ ու կրկին հանդիպելու են նրան: Ե՞րբ, ի՞նչ նպատակով` չպարզաբանվեց:
Դաշնակցականները քաղաքական մարդիկ են և գիտեն, որ նման հարցերը պարզաբանվում են ոչ թե կուսակցական հայտարարություններով, այլ քաղաքական իրողություններով: Իսկ իրողություններն այսօր այնպիսին են, որ Դաշնակցության` թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցը կախված է առավելապես Սերժ Սարգսյանի ցանկությունից:
Ոչ այն առումով, որ ՀՅԴ-ն իմպերատիվ կերպով ենթարկվելու է Ս. Սարգսյանի ցուցումներին: Ամենևին: Պարզապես ստեղծված քաղաքական իրավիճակում Ս. Սարգսյանի համար կարող է շատ անհրաժեշտ լինել հատկապես ՀՅԴ-ական կամ ՀՅԴ-ի կողմից առաջադրված «մրցակցային» թեկնածուն: ՀՅԴ-ականներն էլ` հաղթելու նույնիսկ տեսական հնարավորության բացակայության պայմաններում, կարող են համաձայնել նման անձնազոհության` դրանից բխող հետևանքներով: Այնպես որ, կամ առաջիկա օրերին Արմեն Ռուստամյանն ու Հրանտ Մարգարյանը կայցելեն Ս. Սարգսյանին, կամ ստիպված կլինեն բավարարվել հաղորդակցության ժամանակակից միջոցներով: Հատկապես որ, կենդանի հանդիպման դեպքում թե առանց դրա` գաղտնալսումն ապահովված կլինի: