Ամանորյա կրկնություններ
Ամանորից առաջ տնտեսական տեղեկատվություն փնտրելն անիմաստ է: Դեկտեմբեր ամիսը դեժավյու հիշեցնող մի բան է: Ամեն տարի նույն իրավիճակն է կրկնվում: Բնակչության հիմնական հատվածը զբաղված է նախատոնական առևտրով: Մի մասն այս կամ այն անկյունում ապրանք է վաճառում:
Իսկ բնակչության հիմնական հատվածն այդ անկյուններում, մեծ ու պուճուր խանութներում իր գրպանին հարմար ապրանք է փնտրում: Բանկերը տեղեկատվություն են հրապարակում տնտեսվարողներին տրամադրած վարկային միջոցների ռեկորդային ծավալների մասին: Այս տարի, օրինակ, տնտեսվարողներին (իմա` հիմնականում ներկրողներին) կրկին ռեկորդային չափով վարկեր են տրամադրվել: Տնտեսվարողներն ազգային դրամով վերցրել են 77 մլն դոլարին համարժեք դրամ: Եվս մոտ 63 մլն դոլարի չափով տարադրամ է տրամադրվել նրանց: Իհարկե, այստեղից չի կարելի եզրակացնել, որ մեր տոնական սեղանների արժեքն ընդամենը 140 մլն դոլար է կազմում:
Բոլորն էլ գիտեն, որ մեր հիմնական ներկրողներն ու խոշոր արտադրողները (իմա` մոնոպոլիստ օլիգարխները) վարկավորման կարիք չունեն: Իրականում հենց նրանց մոտ է կենտրոնանում ամանորյա առևտրի ընթացքում բնակչության վճարած գումարը: 140 մլն դոլարը հիմնականում մանր ու միջին տնտեսվարողների համար է:
Սրանից զատ, ամեն տարվա նման, տարադրամն արժեզրկվում է: Որովհետև «Ամանորյա առևտուր» կոչվող տոնին մասնակցելու համար բնակչությունն իր խնայած տրանսֆեր-տարադրամն է հանում շուկա: Այդ տարադրամը բնակչությունից հնարավորինս էժան գնելը մեր օլիգարխների ամենամյա ու ամենասիրելի զբաղմունքն է: Հատկապես տարեվերջին: Ճիշտ այնպես, ինչպես կառավարության սիրելի զբաղմունքն է հարկային նոր օրենսդրություն խորհրդարան ուղարկելը` վասն եկող տարվա պետական բյուջեի կատարման: Բնականաբար, մեր խորհրդարանի որքան սիրելի, նույնքան էլ պարտադրված զբաղմունքն է տնտեսական նոր օրինագծերը հաստատելը: Իհարկե` հավուր պատշաճի քննարկման իմիտացիա ապահովելուց հետո:
Ոչ մի նոր բան: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառել: Բարեբախտաբար` ոչ սանմաքրման և ձնահավաքի գործում: Քաղաքապետարանը պարզապես հաղորդագրություններ է առաքում` զգուշացնելով, որ հողի հարկի ու գույքահարկի մուծումը մեզ կազատի տույժ-տուգանքներից: Չի կարելի ասել, թե դա վատ նորամուծություն է: Բայց ճիշտ այդ պահին Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել, որ հավաքել է` ՀՀ 18 նախարարություններից 17-ում ուսումնասիրություն կատարելով: Պարզվում է` նախարարությունների աշխատակիցների 24 տոկոսն իր աշխատանքի ընթացքում չի օգտվում համացանցից: Ցավոք, հետազոտության տեքստից պարզ չէ, թե ովքեր են այդ 24 տոկոս աշխատակիցները:
Եթե դրանք տնտեսուհիներն են (խորհրդահայ բառապաշարով ասած` հավաքարարները), գործավարները (խորհրդահայ բառապաշարով ասած` քարտուղարուհիները) ու տնտեսվարները (խորհրդահայ բառապաշարով ասած` պարետները), ապա դիմանալ կարելի է: Իսկ եթե խոսքը գնում է գլխավոր ու առաջատար մասնագետների մասին, ուրեմն սա տխուր պատկեր է: Շաբաթվա միակ լուրջ տնտեսական լուրը տարածվեց Գյուղնախարարությունից: Սա էլ է նորություն: Դեկտեմբերն ամենևին էլ գյուղատնտեսական ամիս չես համարի: ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Ֆինանսական զարգացման գործակալության Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի ղեկավարին»:
Ընդունել ու ասել է, որ այդ կազմակերպությունից աջակցություն է սպասում «տնտեսությունների խոշորացման ու գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման գործում»: Այն, որ գյուղատնտեսության ոլորտում խոշորացում է գնում` շատերը գիտեն: Գիտեն դրա բացասական հետևանքները, տեսնելով, թե ինչպես են խոշոր հողատերերը ոլորտից դուրս մղում փոքր գյուղացիական տնտեսություններին: Եվ ոչ միայն` ոլորտից, այլև` երկրից: Իսկ, որ գյուղկոոպերատիվների ստեղծման հարցում հաջողություններ չկան` էլի շատերը գիտեն:
Ճիշտ այնպես, ինչպես չկան իրական բաժնետիրական ընկերություններ ու արժեթղթերի իրական բորսաներ: Բայց, դե, աշխատանքի իմիտացիա է պետք անել: Պետք է ու փառահեղորեն արվում է: Ամանորյա առևտրի օրերին վերջին տարիներին ամենաշահարկվող թեման տեղական հավկիթի արտադրությունն է: Մի քանի տարի առաջ այս խնդիրը չկար:
Հարկային վարչարարության բարեփոխումների անվան տակ ձեռնարկած միջոցառումների ու ոլորտում ներմուծողների շահը պաշտպանող ոչ հրապարակային քայլերի արդյունքում` սեփական արտադրությունը կրճատվեց: Գյուղփոխնախարարներից մեկը հրապարակավ հայտարարեց, որ ներմուծվող ձվի հիմնական սպառողը Պաշտպանության նախարարն է: Պաշտպանության նախարարությունն, իհարկե, հերքեց այդ հայտարարությունը: Բայց այսօր էլ հայ սպառողը վստահ չի, որ վաճառքում եղած ձուն տեղական է:
Անկախ ձվի վրա դրված ապրանքանշումից: Թերթեք մամուլը կամ էլեկտրոնային լրատվամիջոցները և կհամոզվեք, որ այս թեման վերջին երեք տարում մեր նախաամանորյա մշտականներից է: Համարյա բոլոր թռչնաֆաբրիկաները հայտարարում են տարին վնասով փակելու մասին:
Երեկ հայտարարվեց նաև, որ Երևանի քաղաքապետարանն «Ամանորի առևտրին ընդառաջ գյուղատնտեսական մթերքների նոր շուկաներ է կազմակերպում»: Ընդ որում, քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, «որ տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները (և այլ նմանատիպ բաներ.- Ա.Գ.) Երևանի քաղաքապետարանը մինչև Ամանոր տրամադրելու է անվճար»:
Այսինքն «Ամանորի առևտրին ընդառաջ» բացվող շուկաները հավանաբար հետո էլ են գործելու: Բայց վճարովի: Ահա այսպիսի նախատոնական արձակուրդ` տրամաբանության համար: Դա ևս նախաամանորյա գեղեցիկ ավանդույթ է դառնում: Ասված է`«Ոչինչ նոր չէ այս լուսնի տակ»: