Հիմա արի ու հասկացի…
ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի միջև տեղի ունեցած զրույցին, որը ձայնագրվել ու տարածվել էր համացանցում:
«Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ՝ ընդհանրապես իմ կարդացածները հասկանում եմ։ Բայց վերջին օրերին մեր իրականությունում գոնե մի բան կա, չեմ հասկացել։
Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնի ու անօրեն ձայնագրման ու տարածման մասին Դատախազությունը մինչ այժմ քրեական գործ չի հարուցել՝ մեկնաբանելով, որ բողոք չի ներկայացվել։
Բայց, երկուսուկես ամիս առաջ, ճիշտ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Ազգային Ժողովում, «անդրադառնալով պատգամավորների այն տեսակետներին` թե գործում չկա բողոք, չկա տուժող, և թե արդյոք ում շահերն է պաշտպանում նախաքննության մարմինը, ՀՀ գլխավոր դատախազն ասաց. «Քրեական գործի նախաքննությամբ ակնհայտորեն պաշտպանվում են «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա շահառուների գույքային շահերը, ինչպես նաև բարեգործություն կատարած Հանթսմանների բարի համբավը»:
Այստեղից էլ իմ չհասկանալու պատճառը. ՀՀ Դատախազությունը երբ ուզենա՝ առանց բողոքի գործ կհարուցի, երբ ուզենա՝ ոչ…
Իմ չար բախտից, երեկ էլի կարդացել էի ՀՀ Սահմանադրությունը, ուր ասված է. «Հոդված 23. […] Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով։
Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով։ […] Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»։
Հիմա արի ու հասկացի…»,- գրել է Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ ձայնագրությունն այսօր հեռացվել է youtube-ից: