Փորձագետը չի բացառում, որ առաջիկայում ներքին հաքերային պայքար կլինի ընդդիմության և իշխանության միջև
Հաքերային հարձակում կազմակերպելու գները վերջին երկու տարում նվազել են, քանի որ հաքերային հարձակման միջոցով փող աշխատողների քանակն է ավելացել: Արդյունքում՝ մրցակցությունը բերել է այդ ծառայությունների գների անկման: Բացի այդ, շուկայում հայտնվել են ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ինքնուրույն գրել դժվար բացահայտվող վիրուսները:
«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 2011թ. համացանցում հայտնվել է, օրինակ՝ «Զևս» ծրագիրը, որը թույլ է տալիս ինքնուրույն գրել դժվար բացահայտվող նոր վիրուսներ:
«Ներկայումս շատերն այդ «Զևս» ծրագիրն օգտագործելով՝ գրում են նոր վիրուսներ: Այդ ամենի արդյունքում, եթե նախկինում անհրաժեշտ կայքի վրա 1 ժամ հարձակում իրականացնելու համար անհրաժեշտ էր վճարել հազարավոր դոլարներ, ապա այսօր այդ գինը հասել է արդեն 100-200 դոլարի»,- ասաց Գ. Սաղյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ չի բացառվում, որ առաջիկայում ներքին հաքերային պայքար կլինի առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում՝ ընդդիմության և իշխանության միջև, քանի որ նման հարձակումներ կազմակերպելու համար արդեն քիչ գումար է անհրաժեշտ: