«Դու ես այսպես արել, որ հիվանդացել եմ, ես քեզ սաղ-սաղ կթաղեմ». որդին սպառնացել էր մորը

ՀՀ ոստիկանությունն արդեն տեղեկացրել էր, որ այսօր Լոռու մարզի Պետրովկա գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել. գյուղի բնակիչը սպանել է  մոր:

Պետրովկայի գյուղապետ Հովիկ Գրիգորյանը galatv.am-ին ասել է, որ 20-ամյա Յուրա Ավակիմովը՝ քարերով հարվածելով սպանել է իր մորը: Նրա խոսքով` սպանությունը տեղի է ունեցել տան բակում, շրջապատում ոչ ոք չի եղել, ոչ ոք չի լսել ոչ մի ձայն, որպեսզի կարողանային օգնության հասնել կնոջը:

Տղայի ընտանիքը բաղկացած է եղել 5 անդամից` հայրը, մայրը և երեք երեխաները:

«Սոցիալապես անապահով ընտանիք էին, ոչ ոք չէր աշխատում, ստանում էին ընդամենը նպաստ ու թոշակ: Տղայի մոտ հոգեկան խանգարումներ են եղել: Նոյեմբերի 11-ին 25 օրով նա բուժում է ստացել Վանաձորի հոգեբուժարանում: Վերադարձել է տուն, ամեն ինչ նորմալ էր նրա մոտ, դեղեր էր ընդունում, սակայն վերջին 4-5 օրերին դեղեր չի ընդունել, որից հետո նրա մոտ նորից սկսվել են հոգեկան շեղումներ, որոնք ուղեկցվել են ագրեսիվ պահվածքով»,- ասել է Հովիկ Գրիգորյանը:

Նա նշել է, որ Յուրա Ավակիմովի փոքր եղբայրը պատմել է, որ գիշերը նա ծեծել է մորն ու քրոջը` նրանց մեղադրելով իր հիվանդության մեջ, մորն ասել է. «Դու ես այսպես արել, որ հիվանդացել եմ, ես քեզ սաղ-սաղ կթաղեմ»:

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս