Ինչպես է պետությունը հող վաճառում 1քմ-ն՝ 1.7 դրամով
ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ներառված է Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանը՝ իր 9.2 հեկտար տարածքով, անհատ քաղաքացուն վաճառելու մասին որոշման նախագիծը։
Այսպես, կառավարությունը պատրաստվում է «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը, այդ թվում` 9611.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքեր-շինությունները /որոնցից 9216.57 քմ մակերեսով շենք-շինությունները, համաձայն մասնագիտական եզրակացության, 4-րդ, 5-րդ աստիճանի վթարային են և սահմանված կարգով ենթակա են քանդման/ (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, գ. Այգեհովիտ, 45 փող., թիվ 1)` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Լիլիթ Արթուրի Մարդանյանին:
Հետաքրքիրն այն է, որ այդ ամբողջ տարածքն օտարվում է ընդամենը 5 միլիոն 238 հազար դրամով։ Այսինքն՝ 1 քառակուսի մետրը՝ 568 դրամով։
Տեղեկանքի համաձայն, գնորդը ցանկություն է հայտնել գինը մատչելի լինելու դեպքում՝ այն գնելու, կառուցելու մրգերի վերամշակման արտադրամաս և ստեղծելու 10 աշխատատեղ։ Տարածքի վրա գտնվող շենքերի մեծ մասը, նույն տեղեկանքի համաձայն, վթարային են և վերականգնման ենթակա չեն։ Սակայն անգամ զուտ հողի արժեքը հաշվելու դեպքում այդ գինը չափազանց ցածր է թվում։
Նշենք նաև, որ գնորդը պարտավորվել է 2 տարում կատարել 20 500 հազ. դրամի ներդրում, և ներդրումների ավարտից հետո` 1 տարվա ընթացքում, առնվազն 6 ամիս ապահովել ամսական 16 աշխատատեղ՝ 80 հազ. դրամ միջին աշխատավարձով: Փոխարենը՝ կառավարությունը, վերը նշված տարածքից բացի, գնորդին է մասնավորեցնում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 2,07 հա մակերեսով հողատարածքը` իր կադաստրային արժեքով:
Ի դեպ, նշենք, որ Իջևանի գործարանի այդ տարածքի ցածր գինն ինչ-որ տեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ տարածքը հայ-ադրբեջանական սահմանին մոտ է և վտանգավոր։ Սակայն մեր պետական մարմինները տարածքները վաճառելու հարցում ամենևին «թանկաբազար» չեն նաև այլ շրջանների պարագայում։
Օրինակ, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի տվյալներով, 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճուրդային եղանակով սեփականաշնորհվել է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 24.25հա հողատարածք՝ 1 հեկտարը 375 000 դրամ (կամ 1քմ-ն՝ 37.5 դրամ) գնով։ Իսկ ամենազարմանալի ցուցանիշը գրանցվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Այստեղ տարվա ընթացքում պետության կողմից վաճառվել են ընդհանուր առմամբ 54.5հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ։ Տեղի ունեցած գործարքների թիվը 42-ն է, որոնցից մեկում վաճառքի նվազագույն գինը եղել է 17 400 դրամ։ Կամ՝ որպեսզի առավել պատկերավոր լինի, 1 քառակուսի մետրը՝ 1.7 դրամով։