Սա բոլորիս հաղթանակն է. ասում է Մատաղիսում սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող երեք տղաներին՝ Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին անմեղ է ճանաչել:
«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանը Շիրակի մարզից 168.am-ին փոխանցեց, որ տղաներին անմեղ ճանաչելով՝ դատարանը գործն ուղարկել է նախաքննության:
Մենք կապ հաստատեցինք նաև սպանված Հովսեփ Մկրտումյանի մոր՝ Գրետա Մկրտումյանի հետ, ով նույնպես շատ հուզված էր դատարանի վճռից:
«Արդարությունը հաղթեց: Մենք բազմիցս հայտարարել էինք, որ մեր տղային սպանողներն այս երեք տղաները չէին և իրական մարդասպանները թաքցվում էին: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև սա բոլորիս հաղթանակն է: Արդարությունը հաղթեց: Գործն ուղարկվել է նորից նախաքննության և մենք ամեն ինչ անելու ենք, որ իրական մարդասպանները գտնվեն և պատժվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփ Մկրտումյանի մայրը, ով տարիներ շարունակ դատարանում հայտարարում էր, որ իր որդուն այս երեք տղաները չէին կարող սպանել, իսկ իրական մարդասպանները կոծկվում են: