««Ապահով» դառնալու գայթակղիչ առաջարկն ուղղված է հայաստանցի այն քաղքենուն, ում համար ապահով լինելը կյանքի նպատակ է և երազանք»

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 14-րդ արտահերթ համագումարում օրերս միաձայն որոշում կայացվեց առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի ներքո: Կարգախոսը քաղաքական և հասարակական շրջանակների կողմից լայն քննարկումների առիթ է դարձել: 168.am-ը՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի կապակցությամբ, քաղաքագետ, Հանրային կապերի մասնագետ Տիգրան Հակոբյանից մասնագիտական կարծիք խնդրեց:

«Քաղաքական կարգախոսները հաճախ չեն ենթարկվում տրամաբանական վերլուծության: Հայաստանում կարգախոսները նույնիսկ չնչին ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Ի՞նչ կփոխվեր, եթե մեզ առաջարկեին գնալ դեպի, ասենք,  հզոր, բարեկեցիկ, կազմակերպված, հուսալի  կամ արժանապատիվ Հայաստան: Ոչինչ չէր փոխվի:

Դրանից թեկնածուի ձայները ոչ կպակասեն, ոչ կավելանան: Այնուամենայնիվ, կարծում եմ, հանդես գալով այդպիսի կարգախոսով՝ թե իշխող կուսակցությունը, թե կուսակցության ղեկավարը, փաստորեն, ընտրել են Հայաստանի զարգացման դեպի ոչինչ տանող  ռազմավարական վեկտորը: «Ապահով» ձևակերպումը դուրս է  քաղաքացիներին կոնսոլիդացնող համահայկական արժեհամակարգից: Այն ավելի կենցաղային, քաղքենի, «բյուրգերական» իմաստով է օգտագործվում, հետևաբար՝ այդպես էլ ընկալվում է զանգվածային գիտակցության կողմից:

Ապահով՝ այսինքն՝ քաղաքացիների կուշտ, հանգիստ, անվտանգ, առանց ցնցումների, կրքերի, հուզմունքների, պայքարի կյանք: Միգուցե այդպիսի ուղերձն ընդունելի լիներ, օրինակ, Լյուքսեմբուրգի պես պետության համար, բայց արտաքին և ներքին  լրջագույն մարտահրավերների առջև կանգնած (արցախյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, արտագաղթ, կոռուպցիա, անկախ դատաիրավական համակարգի բացակայություն, անմխիթար վիճակ գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթությունից մինչև գյուղատնտեսություն և այլն) Հայաստանի արջև  դնել  ընդամենը «ապահով» լինելու  խնդիրը, նշանակում է՝ «չտեսնել» վերը թվարկված մարտահրավերները, խնդիրների լուծման ուղիներ չառաջարկել:

«Ապահով» դառնալու գայթակղիչ առաջարկը, կարծում եմ, ուղղված է հայաստանցի այն քաղքենուն, ում համար ապահով լինելը կյանքի նպատակ է և երազանք: Նրանք են այդ ուղերձի հիմնական գաղափարակիցներն ու սպառողները: Եվ հենց նրանք են, ցավոք, կազմում մեր երկրի հիմնական ընտրազանգվածը: Եվ այս կոնտեքստում կարգախոսը միգուցե ճիշտ է ընտրված»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս