Կանաչ տարածքների հատման պատճառով շատանում են ալերգիկ հիվանդությունները
Երևանում կանաչ տարածքների խնդիրն ամենաարդիական խնդիրն է՝ անկախ տարվա եղանակից: Առհասարակ, ինչպիսի՞ ծառատեսակներ են պահպանվել մայրաքաղաքում: «Երևանում կարելի է հանդիպել տարատեսակ ծառերի: Ամենատարածված տեսակը սոսին է, տարածված են նաև թեղի, բարդի, ակացիա, կաղնի, հացենի ծառի տեսակները: Կարելի է նաև հանդիպել ընկույզի, ինչպես նաև տարբեր պտղատու ծառերի տեսակների (թութ) և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գոհար Օգանեզովան:
Խոսելով կանաչ տարածքների հատման մասին, տիկին Օգանեզովան նկատեց, որ մեզ մոտ, երբ զավթվում են կանաչ տարածքները և գնում են շինությունների տակ, մենք զրկվում ենք այն վայրերից, որոնք մեզ թթվածնով են ապահովում, փոշին են մաքրում. «Մեզ համար հանգստանալու վայրեր էլ չեն մնում, որովհետև բոլոր հանգստավայրերը սրճարաններով և ռեստորաններով են զբաղված, որտեղից բարձր երաժշտության ձայներ և խոհանոցային հոտեր են գալիս: Կանաչ տարածքների հաշվին նաև խանութներ են կառուցվում»:
Կենսաբանական գիտությունների դոկտորը նկատում է, որ Երևանում արվարձանները կանաչապատման առումով ավելի լավ վիճակում են, քան Կենտրոն թաղամասը. «Կառուցողների համար թիրախային կետը Կենտրոնն է դարձել: Այն ամեն կողմից ջարդվում է` սկսած բակային տարածքներից, վերջացրած փողոցներից: Կենտրոնն ամենափոսային մասում է գտնվում, և բոլոր արտանետումներն այնտեղ են կուտակվում»:
Մեր այն հարցին, թե կանաչ տարածքների հատման պատճառով ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ, Գոհար Օգանեզովան պատասխանեց. «Կանաչ տարածքների հատման պատճառով, ինչ խոսք, ալերգիկ հիվանդություններն են շատանում, շնչառական համակարգի հետ կապված այլ խնդիրներ են առաջանում: Չի կարելի ասել, որ սրա պատճառը միայն օդն է, բայց այն մեծ ազդեցություն ունի մարդու և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջության վրա: Եթե աչքդ ինչ-որ լավ բան է տեսնում, հոգեպես քեզ ավելի լավ ես զգում, և՝ հակառակը: Չենք կարող ասել, որ Երևանի կանաչապատման վիճակը բավարար է: Մարդու գործունեությունը բավականին վատ է անդրադառնում բնության վրա, իսկ բնությունն էլ կենսոլորտի ապահովիչ մասն է:
Եթե բնությունը հավասարակշիռ վիճակում չպահպանենք, կենսոլորտը կունենա այնպիսի փոփոխություններ, որի դեպքում միջավայրը մեր ապրելու համար կդառնա անհարմար: Այն ճյուղը, որի վրա մենք նստած ենք, կտրում ենք»: