Ռոբերտ Քոչարյանը` «Նոր Հայաստանի» լուսանցքում

Գործող ու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ծրագրային ելույթը Հանրապետական կուսակցության համագումարում ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ ենթատեքստեր էր պարունակում: Բայց ելույթի ամենամեծ ինտրիգը, թերևս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված քննադատությունն էր, ինչն առավել ընդգծված էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված գնահատանքի ու արժևորման խոսքերի ֆոնին: Բնականաբար, թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահների անունները Սերժ Սարգսյանը չհնչեցրեց, բայց նույնիսկ Հանրապետական կուսակցության շարքային անդամների համար պարզ էր, թե ում նկատի ուներ իրենց առաջնորդը:

Սերժ Սարգսյանի ելույթը, որը կարծես կառուցված էր շախմատային խաղի տրամաբանությամբ, նախ՝ սկսվեց իր նախորդ ժամանակաշրջանի ձեռքբերումների ու նվաճումների թվարկմամբ: «Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների դիմակայեց: Հաղթանակ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության հիմքերը դրեց: Ստեղծեց անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց բանակ: Հաճախ՝ բոլոր կողմերից շրջափակված, երբեմն՝ աշխարհից լիովին կտրված, փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակների մտքով ու եռանդով առաջ շարժվել: Կարողացավ իրեն ու աշխարհին ապացուցել անկախ ապրելու իր ունակությունը: Ապացուցել քսանմեկերորդ դարում իր գոյության իրավունքը: Պետություն ունենալու իրավունքը: Ապագա ունենալու իրավունքը: Անկախության առաջին տարիները մաքառումի ու պայքարի, ստեղծման ու ձևավորման տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին: Նաև՝ հակասականն ու խնդրահարույցը: Ձևավորեց՝ նախորդ տասնամյակների ընթացքում կուտակած հոգևոր, մտավոր և նյութական արժեքներին հենվելով: Ձևավորեց՝ ինչպես կարող էր: Հաճախ՝ ինչպես կամենում էր: Երբեմն՝ ինչպես ստիպված էր»,- հայտարարել է Սերժ Սարգսյանն` արժևորման այս խոսքերն ակնհայտորեն ուղղելով թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Հանուն արդարության՝ պետք է արձանագրել, որ 1998 թվականի իշխանափոխությունից հետո ՀՀ հիմնադիր նախագահին՝ իշխանությունն` ի դեմս Սերժ Սարգսյանի, ոչ միայն չհայհոյեց ու չանվանարկեց, այլև ներկայացրեց դրական լույսի ներքո: Թեկուզ՝ առանց նրա անունը հնչեցնելու:

Ս. Սարգսյանի ելույթում, բացառությամբ մեկ-երկու շատ ընդհանրական ձևակերպումների, այլևս բացակայում են այնպիսի պատմական հիշատակումներ, որոնք որպես բացասական որակումներ՝ կարելի է վերագրել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչը չի կարելի ասել Ռոբերտ Քոչարյանի մասին, ում ուղղված քննադատությունը Սերժ Սարգսյանի ելույթում, մեղմ ասած, կոշտ էր և առարկայական: Այսպես, Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մենք խրախուսեցինք ու առաջ քաշեցինք երիտասարդ ու կրթված քաղաքական և պետական գործիչների: Մենք սկսեցինք և մինչև վերջ հասցրեցինք մի շարք առանցքային ծառայողական քննություններ: Մեր հավաքական կամքը դեմ հանեցինք ամենաթողության դրսևորմանը: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը, վերականգնեցինք հեռուստաընկերությունների՝ եթեր ունենալու իրավունքը: Մենք աղբանոց նետեցինք ուժի դիրքերից հանրային խոսքը և վերականգնեցինք առանց հայրենիքի դավաճան հայտարարվելու՝ մարդկանց՝ ընդդիմախոսելու իրավունքը»: Բավական է հիշել, որ ամենամեծ թվով լրագրողներ բռնության են ենթարկվել հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ է ուղղակիորեն կապված «Ա1+» և «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների փակումը, Ռոբերտ Քոչարյանին էր ամենաշատը բնորոշ մարդկանց ընդդիմախոսությունը՝ որպես «հայրենիքի դավաճանություն» որակելը: Օրինակների թվարկումը կարելի է շարունակել, սակայն դրանից ասվածի էությունը չի փոխվի:

Այսօր պաշտոնապես արձանագրվեց, որ ավելի քան տասը տարի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացած Հանրապետական կուսակցությունը (երկրորդ նախագահն ինքն էր վերջերս հայտարարել, որ իր իշխանության տարիներին ՀՀԿ-ն եղել է իր հենարանը), ըստ էության, այրում է բոլոր կամուրջները նրա հետ` ուղղակիորեն հասկացնելով, որ Ս. Սարգսյանի ելույթում որպես «նպատակադրում» հռչակված «Նոր Հայաստանում» Ռոբերտ Քոչարյանն այլևս տեղ չի ունենալու:

Հ.Գ. ՀՀԿ այսօրվա համագումարին չէր մասնակցում ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, այլև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էր, որ շատ պաշտոնյաներ ՀՀԿ-ին են անդամակցել իր հանձնարարությամբ:

Տեսանյութեր

Լրահոս