ԲՀԿ-ում` պետք է, իսկ ՀԱԿ-ում` հնարավոր է` տեղի ունենա առաջնորդի փոփոխություն
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀԱԿ-ի վերաբերմունքը ԲՀԿ ընդունած որոշման վերաբերյալ: Քաղխորհրդի անդամների զգալի մասն ուղղակի հիացած է եղել այդ որոշմամբ, այն համարելով խիզախ քայլ և մարտահրավեր` նետված գործող իշխանությանը: Հնարավոր է, որ նման խիզախման գնա նաև ՀԱԿ-ը` հետևելով ԲՀԿ օրինակին` չառաջադրի սեփական թեկնածուի, քանի որ, ինչպես հայտնի է, վարակիչ են ոչ միայն հիվանդությունները, այլ նաև հերոսական արարքները: Բայց մինչ ՀԱԿ-ի քախորհրդի նիստին անդրադառնալը, փորձենք հասկանալ, թե այսօր ի±նչ է իրենից ներկայացնում ՀԱԿ քաղխորհուրդ կոչվածը, և ովքե՞ր են մերօրյա հերոսները:
Ի սկզբանե ՀԱԿ քաղխորհրդի անդամների թիվը 19 էր: Դրա մեջ մտնում էին ՀԱԿ ստեղծման հռչակագիրը ստորագրած 18 կուսակցությունների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում լիազորված անձը քաղխորհրդում Լևոն Զուրաբյանն էր, և ում Տեր-Պետրոսյանը նշանակել էր ՀԱԿ համակարգող: ՀԱԿ-ից Մարքսիստական կուսակցության դուրս գալուց հետո, ՀԱԿ քաղխորհուրդի կազմը լրացրեց «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար Զոյա Թադևոսյանը, ով առանձնացել էր «Ժառանգություն» կուսակցությունից: Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ից դուրս եկան երեք միավորումնե «Հանրապետություն» և Հայաստանի լիբերալ կուսակցությունները, ինչպես նաև` «Հայ կամավորների համախմբումը», այդպիսով ՀԱԿ քաղխորհրդում մնաց 16 անդամ: ՀԱԿ-ից պաշտոնապես դուրս չեն եկել, բայց ՀԱԿ քաղխորհրդի նիստերին արդեն մի քանի ամիս չեն մասնակցում ևս 5 միավորների ներկայացուցիչներ. «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը և «Ժողվրդավարական ուղի» կուսակցությունը, որը հայտարարություն է ընդունել, ըստ որի` իրենք դադարեցնում են իրենց մասնակցությունը ՀԱԿ քաղխորհրդի նիստերին, քանի դեռ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարել իր առաջադրման մասին:
Այսպիսով, մնացին 11-ը: Ովքե՞ր են նրանք, որ ներկայումս ներկայացնում են ՀԱԿ-ը: Ինչպես նշեցինք, ՀԱԿ համակարգողը Լևոն Զուրաբյանն է, ով ոչ մի կուսակցություն չի ներկայացնում, այլ ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանին: «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արշակ Բակլաչյանը վաղուց չի մասնակցում ՀԱԿ քաղխորհրդի նիստերին, և, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի տարի Հայաստանում չէ, բայց նրա փոխարեն նիստերին մասնակցում է այլ մարդ, ում նույնիսկ քաղխորհրդի շատ անդամներ չեն ճանաչում: ՀՀՇ-ից մասնակցում է Արամ Մանուկյանը կամ Վահագն Հայոցյանը, ինչպես նշեցինք` ՀԱԿ քաղխորհրդի անդամ է Զոյա Թադևոսյանը, ՀԱԿ-ի անդամ է Կանաչների կուսակցությունը, որի նախագահը Արմեն Դոլվաթյանն է, ՍԴՀԿ-ի մի թևը` Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարությամբ, «Ազատություն» կուսակցությունը, որը ՀԱԿ քաղխորհրդում ներկայացնում է Հրանտ Բագրատյանը, «Այլընտրանք» հասրակական-քաղաքական շարժումը, որը ներկայացնում է հիմնականում Նիկոլ Փաշինյանը, ՀԺԿ-ն ներկայացնում է կուսակցության քարտուղար Ստեփան Մինասյանը, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնում է Սոս Գիմիշյանը, իսկ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը` կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
ՀԱԿ քաղխորհրդի կազմն այսքան մանրամասն և դետալային ներկայացրեցինք ընդամենը մեկ պատճառով, որպեսզի ցույց տանք, թե ովքեր են այսօր ներկայացնում Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր շարժումը, և ովքեր են հերոսացնում Գագիկ Ծառուկյանի որոշումը` չառաջադրվել նախագահի թեկնածու: Չնայած այդ 11-ից Սոս Գիմիշյանը նախորդ օրը տեղի ունեցած քաղխորհրդի նիստում հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Ծառուկյանի որոշումը հերոսացնելու ՀԱԿ կեցվածքին: Պարոն Գիմիշյանին խնդրեցինք պատասխանել իր անհամաձայնությանը վերաբերող և հարակից մի քանի հարցերի:
– Այսօր քննարկվում է այն հարցը, թե արդյոք կառաջադրվի՞ Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահի թեկնածու, թե± ոչ: Արդյոք ՀԱԿ քաղխորհուրդը կարո՞ղ է որոշում կայացնել, որ նա պետք է կամ պարտավոր է առաջադրվել:
– ՀԱԿ քաղխորհուրդը երեք ամիս առաջ քննարկել է այդ հարցը, և որոշում է կայացվել դրան անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշումը: Լինելով ՀԱԿ քաղխորհրդի անդամ, գտնում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը` որպես ՀԱԿ առաջնորդ, պարտավոր էր առաջնորդել ՀԱԿ նախընտրական ցուցակը խորհրդարանական ընտրություններում և պարտավոր է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց մյուս կողմից` ես հասկանում եմ, որ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցն անձնական որոշման հարթությունում է, և Տեր-Պետրոսյանն ինքը պետք է ծանրութեթև անի հարցի բոլոր կողմերը և որոշի` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Իսկ նման բան ասելով, իմ նպատակն է` դրդել, պահանջել և նույնիսկ ստիպել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Եթե քաղաքական ուժի առաջնորդը չի առաջադրվում, դա նշանակում է, որ նա այլևս առաջնորդ չէ և իր տեղը պետք է զիջի այլ գործչի, պետք է տեղի ունենա առաջնորդի փոփոխություն: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ում ևս Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո պետք է տեղի ունենա առաջնորդի փոփոխություն: Նույնը` ՀԱԿ-ում, եթե ՀԱԿ-ը Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ խորհրդարանական ընտրություններում պարտվել է, իսկ նախագահականում չի առաջադրվում, նա պարտավոր է զիջել: Մենք փակում ենք 5-ամյա ցիկլը խորհրդարանական և նախագահական ընտրություններով, և պետք է քաղաքական հետևություններ արվեն:
– Ավելի ճի՞շտ չէր լինի` Ձեր ասած 5-ամյա ցիկլը փակված համարել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ՀԱԿ–ը հազիվ հաղթահարեց 7 տոկոսանոց շեմը, և առաջնորդի փոփոխությունը տեղի ունենար այդ ժամանակ:
– Ես դրա հետ համաձայն կլինեի, եթե 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված չլինեին, և Տեր-Պետրոսյանն իսկապես պարտություն կրած լիներ: Այդ պատճառով արդարացի կլինի, եթե այս ցիկլն ավարտվի հաջորդ նախագահական ընտրություններով:
– Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը չառաջադրվի, ՀԱԿ–ը կարո՞ղ է ունենալ այլ թեկնածու:
– Իհարկե կարող է ունենալ, ՀԱԿ քաղխորհրդի 15 անդամներից յուրաքանչյուրը կարող է առաջադրել իր թեկնածությունը, և դրա վերաբերյալ կարող է որոշում կայացվել: Բայց անձամբ ինձ համար կա նախագահի մեկ թեկնածու, դա իմ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է, եթե նա որոշի չառաջադրվել, նոր իմաստ կունենա քննարկել այլ թեկնածություններ: Ուղղակի եթե Տեր-Պետրոսյանի դեպքում քաղխորհրդի բոլոր անդամները կհամախմբվեին, այլ թեկնածուի պարագայում կարող է նման համախմբում չլինել:
– Դուք ասում եք, որ պետք է սպասել Տեր–Պետրոսյանի որոշմանը, և եթե նա որոշի չառաջադրվել, նոր իմաստ ունի քննարկել այլ թեկնածություններ: Բայց կարող է նա որոշում կայացնի հունվարի 4-ին, և ուղղակի ժամանակ չլինի այլ թեկնածուների հարց քննարկելու: Դուք չե՞ք տեսնում նման հնարավորություն:
– Դա էլ է հնարավոր, կապրենք` կտեսնենք: Անձամբ` ես, պատրաստ եմ սպասել մինչև վերջին պահը:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀԱԿ–ի կողմից նախագահի թեկնածուն լինի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
– Ոչ ես նրան նախագահի թեկնածու չեմ տեսնում:
– Իսկ ինչո՞ւ:
– Որովհետև չեմ տեսնում: Այդպիսի հարց հիմա օրակարգում չկա, երբ որ նման հարց կդրվի` ես պարզ ու շիտակ կասեմ իմ դիրքորոշումը:
– Նախօրեին ՀԱԿ քաղխորհրդում քննարկվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման որոշումը, և ՀԱԿ մամուլի խոսնակը հայտարարում է, որ դա ողջյունելի որոշում էր, քանի որ դրանով ԲՀԿ–ն ցույց տվեց, որ չի սատարում գործող նախագահին, և դա նշանակում է, որ կոալիցիոն հուշագիրը չի գործում: Միայն Դուք եք, որ ՀԱԿ քաղխորհրդում դեմ եք եղել նման որոշման կայացմանը: Կասեք` ինչո՞ւ:
– ՀԱԿ քաղխորհրդում ներկայացվեց որոշման մի նախագիծ, որն արժանացավ բոլորի հավանությանը, բայց այն չի կարող ընդունված համարել, քանի որ ես հայտարարեցի, որ դեմ եմ նման մոտեցմանը: Իսկ ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչը նշանակում է, որ այդ որոշումը կամ հայտարարությունը չի կարող ընդունված համարել: Ես ուրախ եմ, որ այդ հայտարարությունը չհրապարակվեց, քանի որ այդ փաստաթուղթը ՀԱԿ-ի պատվին դրական իմիջ չէր ավելացնում: Մեկ տարի առաջ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ քաղխորհրդին ներկայացրեց իր քաղաքագիտական վերլուծությունը, ՀԱԿ-ում դարձյալ կոնսենսուս չկար, բայց նա ներկայացրեց իր մոտեցումները, և մենք ասացինք, որ ճիշտ կլինի` չխանգարենք, թող իրենք գնան իրենց ճանապարհով, տեսնենք, թե ինչ կստացվի: Հիմա նույն վիճակն է:
– Ուզում եք ասել, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո ակնհայտ դարձավ, որ «քաղաքագիտական վերլուծությունը» սխալ էր, քանի որ հնարավոր չեղավ ԲՀԿ–ին պոկել իշխանությունից և դարձնել ընդդիմություն: Բայց ՀԱԿ–ը չի ուզում ընդունել իր սխալը և ՀԱԿ հայտարարությունը փորձ է` արդարացնելու Տեր–Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծություն», և ցույց տալու, որ նա հերթական անգամ չսխալվեց:
– Այո այդ մարդիկ չեն ուզում ընդունել, որ իրենք ժամանակին սխալվել են, այլ ընդհակառակը` ուզում են ասել, որ իրենք ճիշտ ուղու վրա են: Ես չեմ կարող սևին սպիտակ ասել, իսկ սպիտակին` սև, դրա համար էլ դեմ էի այն ձևակերպումներին, որոնք կային ՀԱԿ որոշման մեջ: