Ի պաշտպանություն Գասպարիի. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Վաղուց ուզում էի մի երկու բարի խոսք գրել Վարդգես Գասպարիի մասին: Իհարկե, լրատվամիջոցների համար նա, ինչպես հիմա ընդունված է ասել, «ղժալու» չափազանց բարենպաստ նյութ է տալիս՝ պատեհ-անպատեհ պառկում է տարբեր տեղերում, գոռում-գոչում է, երբեմն քաղաքականապես «ոչ ճշգրիտ» պաստառներ է պահում: Բայց իր բոլոր էքսցենտրիկ դրսևորումներով հանդերձ՝ այդ մարդը անկեղծ է և պաշտպանում է իր, ճիշտ թե սխալ, սկզբունքները:
Գասպարին քաղաքացի է, համարձակորեն արտահայտում է իր գաղափարները, ընտրում է դրա համար իրեն հոգեհարազատ ձևերը: Քաղաքացի լինելուն, անշուշտ, նպաստում է այն, որ նա ունի եկամուտի անկախ աղբյուր՝ փոքր բիզնեսի սեփականատեր է: Եթե մեր բնակչության գոնե 30 տոկոսը կազմված լիներ Գասպարիի նման քաղաքացիներից, մեր խնդիրների մեծ մասը կլուծվեր: (Ինչ խոսք, անպայման չէ պառկել, կարելի է ամեն ինչ ասել նաև կանգնած):
Սկսած մոտավորապես 90-ականների կեսերից՝ իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր երկրում անկախ սեփականատերերի խավ չձևավորվի: Դա իշխանությանը ձեռնտու է երկու պատճառներով. նախ՝ ամեն ինչ կենտրոնանում է ձեռնասուն օլիգարխների ձեռքում, երկրորդ՝ սեփականությունից զուրկ լյումպենը կարող է ժամերով լացել աշխատավարձի կամ թոշակի վերաբերյալ, անեծքներ ուղղել իշխանությանը, բայց վերջինիս համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ շատ-շատ անկարգությունների ժամանակ խանութ թալանի:
Գասպարիի դիրքորոշումն անկախ է իշխանությունից և ընդդիմությունից: Ինչպես ասացի, վերջերս նա օլիգարխներին դատապարտող պաստառ էր բռնել՝ մարտավարական տեսանկյունից ոչ կոռեկտ: Բանն այն է, որ օլիգարխների շարքում նշված էր Գագիկ Ծառուկյանը, իսկ դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀԱԿ-ը հույսեր էր փայփայում, որ ԲՀԿ-ի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կանի: Ուստի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հորդորեց հանել Ծառուկյանին, ինչը Վարդգեսը սիրով արեց: Այսօր նման հորդոր կարող է և չհնչել՝ քաղաքականության մեջ ամեն ինչ փոփոխական է: Բայց Գասպարիի առավելությունն էլ այն է, որ նա քաղաքական գործիչ չէ, նա պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի է:
Օրերս էլ նա «պառկացույց» է արել ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ՝ պահանջելով, որ ներկա և նախկին ՀԱԿ-ականները կայքերում իրար անձնական վիրավորանքներ չհասցնեն: Ինչ խոսք, խիստ արդիական պահանջ է, որը, բնականաբար, վերաբերում է քաղաքական պրոցեսի բոլոր մասնակիցներին: Ճիշտ է, ինքը՝ Վարդգեսը, այդ պահանջին չի ենթարկվում, և երբ երեկ մի քանի իշխանավորներ «սխալմամբ» դուրս էին եկել կառավարութան շենքի գլխավոր մուտքից, նա սկսեց բղավել՝ «սրիկա՛», «մարդասպա՛ն», որոնք նույնպես անձնական վիրավորանքներ են: Բայց նույնիսկ իր հակասություններով Գասպարին անկեղծ է»: