Սերժին անհրաժեշտ է Լևոնը

Ժամառժամ տարբեր աղբյուրներից հաստատվող ու ԲՀԿ-ից չհերքվող տեղեկություններն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում, կարող են միանգամայն փոխել քաղաքական դաշտի այն պատկերը, որն ուրվագծվել էր նախորդ մի քանի ամիսներին,  և որի վրա կառուցվում էին բոլոր կանխատեսումները: Գագիկ Ծառուկյանի չառաջադրումը մի կողմից՝ ընդդիմադիր ուժերի առջև որոշակի նոր հնարավորություններ է բացում, մյուս կողմից` իշխանության համար ստեղծում է որոշակի «կոսմետիկ» խնդիրներ:

Գագիկ Ծառուկյանը` որպես նախագահի թեկնածու, հրաշալի նվեր կարող էր լինել Սերժ Սարգսյանի համար` անկախ նրանից՝ ԲՀԿ ղեկավարը կառաջադրվեր սեփական ցանկությամբ ու որոշմա՞մբ, թե՞ իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում: Նվեր՝ և՛ այն իմաստով, որ քաղաքական հարթությունում նրան Սերժ Սարգսյանն ուղղակի զրոյի կհավասարեցներ, և՛ այն տեսանկյունից, որ Ծառուկյանի վերահսկելիությունը թույլ չէր տա հետընտրական ցնցումներ, ու նա կշնորհավորեր «մրցակցային ընտրությունների» արդյունքում հաղթանակած Սերժ Սարգսյանին:

Եթե Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվում՝ իշխանության, Սերժ Սարգսյանի համար խնդիր է դառնում «արժանի» թեկնածու ունենալը: Պատկերացրեք իրավիճակ, երբ ընտրություններին, Սերժ Սարգսյանից բացի, առաջադրվում են, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Զուրաբյանը, էպոսագետը, ԽՍՀՄ-2 խոստացող սոցիալիստ թեկնածուն և էլի մի քանի նման թեկնածուներ: Սերժ Սարգսյանն այդ դեպքում «ջախջախիչ» հաղթանակ է տանում անգամ իրապես ազատ և թափանցիկ ընտրությունների արդյունքում, սակայն այդ հաղթանակը հավասար է լինում պարտության, քանի որ հաղթում է, լավագույն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այսինքն` նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կշիռը բարձրացնելու, այն լեգիտիմացնելու համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ մրցակից:

Ինչպես նշեցինք, Ծառուկյանի չառաջադրվելով՝ որոշակի հնարավորություններ են ստեղծվում ընդդիմադիր ուժերի համար: Հայտնի է, որ իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, գուցե նաև` Նիկոլ Փաշինյանը: Սակայն նշված և էլի մի քանի գործիչների առաջադրումը պայմանավորված է Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջադրվել-չառաջադրվելու հանգամանքով:

Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա բացառված չէ նրանց գոնե մի մասի միաժամանակյա առաջադրումը: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ Սերժ Սարգսյանի համար` «ուժեղ մրցակցի» տեսանկյունից, նշված գործիչները կարող են պակաս արժանավոր համարվել:  Ու այստեղ ի հայտ է գալիս առաջին հայացքից՝ աբսուրդային թվացող, սակայն քաղաքական շահերի տրամաբանության մեջ տեղավորվող մի իրողություն. Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի մրցակիցն առաջիկա նախագահական ընտրություններում: Ինչպես հայտնի ասացվածքում է` «Ով մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի» սկզբունքով:

ՀԱԿ առաջնորդը` առաջին հերթին՝ քաղաքագիտական վերլուծության, նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այսօր այն թեկնածուն չէ, ինչ 2008 թվականին: Նա իր հեղինակության ու վարկանիշի զգալի մասը կորցրել է սեփական քաղաքական գործունեության կամ անգործության պատճառով:  Այսինքն` այլ հավասար պայմանների դեպքում (ընտրակեղծիքների մեքենա, ընտրակաշառքներ, և այլն)՝ Սերժ Սարգսյանի համար նրան «հաղթելը» համեմատաբար հեշտ, բայց, միևնույն ժամանակ, շատ պատվաբեր կլինի:

Այստեղ, ի դեպ, գործում է և՛ քաղաքական, և՛ մարդկային, անձնական մոտիվացիան: 2008 թվականին Սերժ Սարգսյանը նախագահ դարձավ նաև Մարտի 1-ի արդյունքում, թույլ իշխանությամբ: Սերժ Սարգսյանի տեսանկյունից, բնականաբար, այդ ամենի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ում պատճառով չկարողացավ ավելի հեշտ ու հաճելի նախագահության ժամկետ ունենալ: Այդ իմաստով, «թույլ» Լևոն Տեր-Պետրոսյանին 2013 թվականին հաղթելով՝ Սերժ Սարգսյանը, իր, այսպես ասած, քաղաքական  վրեժը լուծված կհամարի:

Այստեղ, իհարկե, կա մեկ վերապահում. արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող է վստահ լինել, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, թեկուզ առանց հայտարարելու, «տակից» չեն սատարի Լևոն Տեր-Պետրոսյանին: Սակայն այդ հարցը ևս կարելի է փակված համարել: Եթե Ծառուկյանը որոշեր առճակատման գնալ իշխանության հետ, ապա անձամբ կառաջադրեր իր թեկնածությունը: Հազիվ թե Գագիկ Ծառուկյանը, ով չի համարձակվում սեփական անձի համար վտանգի ենթարկել իր և իր կուսակիցների ունեցվածքը,  այդպես վարվի՝ հանուն Լևոն Տեր-Պետրոսյանի:

Կազդի՞ արդյոք Ծառուկյանի չառաջադրումը Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման վրա, դժվար է միարժեք ասել: ՀԱԿ-ը, ի դեպ, ի թիվս այլ պատճառների, ներկայումս երկատված է նաև Տեր-Պետրոսյանի առաջադրման վերաբերյալ երկու հակադիր կարծիքների առկայության պատճառով: ՀԱԿ ներկայացուցիչների մի մասը համոզված է և պնդում է, որ Տեր-Պետրոսյանը պետք է անպայման առաջադրվի, այլապես ՀԱԿ-ը կկազմաքանդվի վերջնականապես: ՀԱԿ անդամների մյուս հատվածը, անգամ նրանք, ովքեր հայտարարում են, թե իրենց միակ թեկնածուն առաջին նախագահն է, գտնում է, որ Տեր-Պետրոսյանը որևէ պարագայում չպետք է առաջադրի իր թեկնածությունը` քաղաքականությունից իր հեռացումը չափից ավելի անփառունակ չդարձնելու համար:

Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ Ծառուկյանի չառաջադրվելու դեպքում իր առաջադրումն ամենաշատը կարող է ծառայել Սերժ Սարգսյանին: Մյուս կողմից` գիտի, որ եթե չառաջադրվեց, առանց այն էլ պառակտված ու կազմալուծված ՀԱԿ-ից ոչինչ չի մնա: Բացի այդ,  Լևոն Տեր-Պետրոսյանն ունի քաղաքականությունից արժանապատվորեն հեռանալու հրամայական: Դա նշանակում է՝ առնվազն նախորդ ընտրություններին հավասար արդյունք ապահովել, ինչն այս պահին գործնականում անիրական է թվում:

Նման հնարավորություն կարող է ստեղծվել միայն մի դեպքում. եթե ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից բացի, մնացած բոլոր ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», «Հանրապետությունը», սատարեն Լևոն Տեր-Պետրոսյանին` փորձելով կրկնել 2008 թվականի էֆեկտը:  Բայց դրա հավանականությունն այնքան հեռու է, որքան մոտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը 2008 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս