Ձյունը՝ ամանորյա թանկացումների հնարավոր պատճառ
Առատ ձյան պատճառով Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հարկադիր կանգառը կարող է տհաճ անակնկալ մատուցել ամանորյա գնումներ կատարող մեր հայրենակիցներին։
Հիշեցնենք, որ ամենաթարմ տեղեկություններով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
168.am-ի տեղեկություններով այս վիճակը լուրջ անհանգստություն է պատճառում հատկապես սննդամթերի և խմիչքների ներմուծմամբ զբաղվող հայկական ընկերություններին, որոնց ամանորյա խմբաքանակը մնացել է սահմանի վրա։ Այսինքն՝ չի բացառվում, որ բնակլիմայական պայմանների պատճառով առաջանա լայն սպառման ապրանքների նախատոնական դեֆիցիտ, որը, բնականաբար, հանգեցնելու է ապրանքների գների աճի։
Ի դեպ, հաշվի առնելով մեր որոշ տնտեսվարողների ախորժակը, չի բացառվում, որ նրանք փորձեն առավելագույնս օգուտ քաղել այս ամենից։ Այսինքն՝ անգամ բեռները տեղափոխելու հնարավորություն լինելու դեպքում իրենք ստեղծեն արհեստական դեֆիցիտ՝ բարձրացնելով իրենց կողմից վաճառվող ապրանքների գները։