
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին Նիկոլ Փաշինյանը որևէ բան չգիտի (տեսանյութ)

Այսօր կայացած Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթին ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ընդդիմադիր դաշտի միավորման փորձերին, մասնավորապես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե բազմիցս հրապարակել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը և որևէ նոր ասելիք այս առնչությամբ չունի:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից որևէ եզրակացության եկե՞լ եք, Նիկոլ Փաշինյանը ասաց. «Իմ եզրակացությունները թե՛ հանդիպումից առաջ, թե՛ հանդիպումից հետո չեն փոխվել: Ես չգիտեմ՝ ո՞ր հանդիպման մասին եք խոսում, բայց մամուլում պարբերաբար լինում են հրապարակումներ հանդիպման, դիմավորման և ճանապարհման մասին, բայց իմ եզրակացությունները դրանից առաջ էլ հետո էլ նույնն են»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, ըստ որոնց՝ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հետևանքով Կոնգրեսում խմորումներ կան: Ն. Փաշինյանը պատասխանեց, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին ինքը որևէ բան չգիտի և չի կարծում, թե որևէ մեկն այդ հանդիպման մասին որևէ բան գիտի:
168.am-ի հարցին, թե Դո՞ւք էլ եք թերահավատորեն մոտենում Գագիկ Ծառուկյանի հասցեին Բրյուսելում հնչած հայտարարությանը, թե նա կարող է ամենալավ թեկնածուն լինել, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Գիտեք ի՞նչ, ամեն ինչ չէ, որ կցանկանամ մեկնաբանել և սա այդ դեպքերից է»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: