«Շատ քիչ հարուստ մարդիկ կան, ովքեր առանց կոռուպցիայի խողովակի միջով անցնելու են հարստացել»
«Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունը դեռևս մեկնաբանությունների կարիք ունի»: Այս մասին 168.am-ի հետ զույցում ասաց ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի վերաբերյալ ԲՀԿ տարածած հաղորդագրությանը: Հիշեցնենք, որ, ըստ այդ հայտարարության՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԵԽ պաշտոնյաներից մեկի հետ «անկաշկանդ» զրույցում հայտարարել էր, թե «անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:
«Կոռուպցիան երևույթ է, որի դեմ պայքարում է ոչ միայն իշխանությունը, այլև քաղաքացիները, քաղաքական ուժերը՝ և՛ նախկինում, և՛ այսօր, և՛ վաղը: Իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, և դա տեսանելի է: Իսկ թե ինչպե՞ս է դա արվում՝ այլ հարց է: Կարծում եմ, որ քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի մեկնաբանել իր հայտարարածը, վերագրել դա ինչ-որ մեկի, մեկնաբանել այն՝ սխալ է: Ես համամիտ չեմ Ծառուկյանի հետ, եթե նրա հայտարարությունը մեկնաբանվում է այնպես, որ կոռուպցիան պարտադիր պետք է իշխանություններն իրականացնեն: Ես չեմ ճանաչում որևէ մեծահարուստի կամ քիչ թե շատ հարուստ մարդու, ով՝ առանց կոռուպցիայի խողովակի միջով անցնելու, հարուստ է դարձել: Շատ քիչ մարդիկ կան, որ այդ ճանապարհով չեն անցել»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Մեր հարցին, թե կոռուպցիայի խողովակով անցնող մեծահարուստներ կա՞ն ԲՀԿ-ում ու ՀՀԿ-ում, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Իհարկե: Եվ ոչ միայն ՀՀԿ-ում կամ ԲՀԿ-ում, այլև ընդդիմադիր բոլոր կուսակցություններում: Կոռուպցիան այն համակարգն է, որը պետք է զերծ լինի տարբեր տիպի իշխանությունների հովանավորչությունից: Պայքարել կոռուպցիայի դեմ պետք է հասարակությունից, որին ուղղված էլ աշխատում է իշխանությունը: Ամեն մեկը պետք է իրենից սկսի. ո՞վ է ասում, որ կոռուպցիա միայն պաշտոնատար անձանց շրջանում կա»: