
Եթե ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, ՀԱԿ էլեկտորատը գործարքի մեջ կմտնի՞ իշխանությունների հետ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝ ընդդիմությունը վերջնականապես չի պարզաբանել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր մասնակցության նախընտրելի ձևաչափը, քանի որ դեռևս այդ մասին իրենց դիրքորոշումն ուշացնում են ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:
«Ընդդիմությունը դեռ չի պարզաբանել նախագահական ընտրություններում հանդես կգա միասնակա՞ն, թե՞ առանձին թեկնածուով՝ այն հաշվարկով, որ կստեղծվի երկրորդ փուլի հնարավորություն ու կպաշտպանեն ընդդիմադիր այն թեկնածուին, որը կկարողանա հասնել երրկրորդ փուլին»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ վերոգրյալ երկու ձևաչափերի միջև ընտրություն կատարելուց առաջ պետք է պարզել մարտավարությունը: Ինչ վերաբերում է միասնական պլատֆորմում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությանը, քանի որ վերջինս հայտարարել էր իր առաջադրման մասին, Հմայակ Հովհաննիսյանը շեշտեց, որ բացառել չի կարելի թե նա ևս կմիանա ընդդիմության միասնական հարթակին:
«Հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն սրբագրում է իր որոշումները. դա հատուկ է իր ձեռագրին»,- ասաց քաղաքագետը:
ՀՔՄ նախագահը հավելեց նաև, թե քանի որ ընդդիմադիր կուսակցությունների միջև գոյություն ունեն լուրջ հակասություններ իրենց մոտեցումներում, որոնք չեն սահմանափակվում իշխանափոխության խնդրով, հետևաբար՝ միասնական թեկնածուի առաջադրման դեպքում կլինեն էլեկտորատի կորուստներ:
«Եթե, օրինակ, ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին՝ որպես միասնական թեկնածու, ՀԱԿ-ի ընտրազանգվածի մի մասը կամ չի մասնակցի ընտրություններին, կամ գործարքի մեջ կմտնի իշխանությունների հետ: Եվ այս դեպքում երկրորդ փուլի հնարավորությունն էապես կնվազի: Բայց եթե ամեն ուժ հանդես գա իր թեկնածուով, նրանք կմոբիլիզացնեն էլեկտորատն ու կմեծանա երկրորդ փուլի հնարավորությունը»,- նկատեց Հմայակ Հովհաննիսյանը: