Դուբլինում Ղարաբաղի հարցով հայտարարություն է սպասվում. Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին լրագրողներին ասել է ինքը Մամեդյարովը։
Ըստ նրա` հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարության նախագիծ։ «Դեռևս հստակ չէ, թե ինչ ձևաչափով է ընդունվելու հայտարարությունը։ Եթե մենք կարողանանք համաձայնեցնել տեքստը, հայտարարությունը կընդունվի», – նշել է Մամեդյարովը։
Ադրբեջանական գործակալության վկայությամբ` համանախագահները հանդիպել են նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Հարցին` սպասվո՞ւմ է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի դուբլինյան նիստի շրջանակներում, Մամեդյարովը արձագանքել է.
«Եթե պետք լինի։ Համանախագահները առայժմ զբաղվում են մաքոքային դիվանագիտությամբ»։ Ըստ նրա, եթե նման հանդիպում տեղի չունենա դուբլինյան հավաքի շրջանակներում, քննարկվում է այն եկող տարվա սկզբին անցկացնելու հնարավորությունը։
«Ամենայն հավանականությամբ` դա կարող է լինել հունվարի վերջը։ Առաջարկներից մեկը Փարիզն է (որպես հանդիպման վայր)», – ասել է Մամեդյարովը։