Իշխանությունը պատրաստում է Ծառուկյանին առաջադրվելիք մեղադրանքը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հայտարարություններին ՀՀԿ-ի արձագանքը, մեղմ ասած, կոշտ էր: Այն թեև հնչեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի շուրթերով, սակայն ակնհայտ է, որ դա կուսակցության վերնախավի, անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված արձագանք էր:
Էդուարդ Շարմազանովի հայտարարություններում առաջին հերթին ուշադրություն գրավեցին ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ուղղված որակումները: Դրանք, ըստ էության, նորություն չէին, այդ մասին հասարակությունը, մամուլը խոսում են ամեն օր: Էդուարդ Շարմազանովն ընդամենը կրկնել է բոլոր այդ որակումները, իհարկե, չհամարձակվելով խոսել իր անունից: Նա հղում է արել անանուն «եվրոպացի գործընկերներին»:

Դժվար է ասել` ԲՀԿ-ի հետ «հարաբերություններ պարզելիս»` քաղաքական և ոչ քաղաքական հարթությունում, ինչպե՞ս է պարոն Շարմազանովը հիմնավորելու եվրոպացի գործընկերների տեսակետը, բայց դա նրա, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի խնդիրն է: ՀՀԿ մամլո խոսնակի այսօրվա հայտարարություններում, բացի այդ որակումներից, ու այդ որակումներից ավելի կարևոր մի արտահայտություն կար, որը կարող է կանխորոշել առաջիկա քաղաքական և ոչ միայն քաղաքական զարգացումները: Խոսքը հետևյալ արտահայտության մասին է. «ԲՀԿ-ն, էլի ըստ մեր եվրոպացի գործընկերների, ոչ թե իրականացնում է պայքար, որը հիմնված է գաղափարական հիմունքների կամ ծրագրերի հիման վրա, այլ ընդամենը իշխանությունը զավթելու: Դա մենք չենք ասում, իրենք են ասում»:

Սա շատ ավելի լուրջ է, քան ԲՀԿ-ին՝ արհեստական ու պոպուլիստական ուժ, կամ Ծառուկյանին` «միջազգային քաղաքականությունից թույլ գիտելիքներ ունեցող» անվանելը: «Իշխանության զավթումը», ինչում Շարմազանովը, հղում անելով եվրոպացի գործընկերներին, քրեական օրենսգրքի հոդված է, որը ենթադրում է ոչ թե՝ քաղաքական, այլ՝ քրեական պատասխանատվություն:

Այսօր` նախագահական ընտրություններից առաջ, հայտարարելով, որ ԲՀԿ-ն իրականացնում է ոչ թե գաղափարական կամ ծրագրային պայքար, այլ պայքարում է իշխանությունը զավթելու համար, իշխանությունը հող է նախապատրաստում նախագահական ընտրություններում անցանկալի ընթացքի, անկանխատեսելի զարգացումների դեպքում ԲՀԿ-ի գործողությունները՝ որպես «իշխանության զավթման փորձ» որակելու համար:

Այսինքն` իշխանությունը կանխորոշում է առաջիկա քաղաքական զարգացումների հնարավոր իրավական գնահատականը:

Իշխանությունն, այսպիսով, ակնարկում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է կրկնել Մարտի 1-ը, եթե ոչ՝ զոհերի, ապա՝ հետընտրական իրադարձությունների հիմնական մասնակիցներին առաջադրվելիք մեղադրանքների մասով: Տեղին է հիշել, որ 2008 թվականի Մարտի 1-ի քրեական գործը, ինչպես հետագայում պարզվեց,  Դատախազությունում հարուցվել էր դեռևս փետրվարի 23-ին: Պատմությունը, փաստորեն, կարող է կրկնվել:

Տեսանյութեր

Լրահոս