Խառատյանն ընդդեմ Հայրապետյանի գործով հաջորդ նիստը՝ 2013 թվականին
Երևանի Ավան և Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, 2013թ. հունվարի 15-ին տեղի կունենա «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Հրանուշ Խառատյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:
Այսօր դատարանը բավարարել է պատասխանողի ներկայացուցիչներ Վահե Մովսիսյանի ու Կարեն Պետրոսյանի միջնորդությունը Հ. Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները չեղյալ համարելու մասին՝ թեև վերջինս նոյեմբերի 23-ին ինքնակամ հրաժարվել էր հայցվորի ներկայացուցչի իր լիազորություններից:
Պատասխանող կողմը գտնում է, որ փաստաբան չհանդիսացող Մ.Արշակյանն իրավունք չուներ իրականացնել պարբերաբար ու վճարովի դատական ներկայացուցչություն՝ դա «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի խախտում է:
Դատարանը բավարարել է նաև պատասխանող կողմի միջնորդությունը հաջորդ դատական նիստին պատրաստվելու համար երկու շաբաթ ժամանակ տրամադրելու մասին:
Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դը Արմենի» ամսագրում սեպտեմբերի 7-ին հրապարակված Ռ.Հայրապետյանի հարցազրույցն է, որն, ըստ հայցվորի, պարունակում է իր բարի համբավը, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավը վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ: Ուստի հայցվորը պահանջում է ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար և հերքել իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտությունները: