Թատրոնի դերասանին Մհեր Սեդրակյանի ենթակաները ծեծել են. տուժողն ինքն է պատմել այդ մասին
Մինչ ոստիկանությունն այսօր ավելորդ շտապողականություն ցուցաբերեց և ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակեց տեսակետ, թե լրագրողները ցուցաբերել են ավելորդ շտապողականություն և Մհեր Սեդրակյանին կամ նրա շրջապատի մարդկանց բարի համբավը արատավորել են և մեղադրել Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը ծեծի ենթարկելու մեջ, դերասանի շրջապատի մարդիկ և հենց թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը վերահաստատում են այն, ինչ երեկ պատմել էին:
Նրանք ասում են, որ ծեծի օրը և դրանից հետո էլ դերասանը մանրամասներ է պատմել, որ իրեն ծեծել են Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանում:
Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը.
– Պարո´ն Դավթյան, ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է դերասանի՝ Սերգեյ Գրիգորյանի ցուցմունքը, որտեղ նա պատմում է, որ վայր է ընկել աստիճաններից, զարմանալի չէ՞ Ձեզ համար դերասանի ցուցմունքը, Դուք երեկ պատմում էիք…
– Իհարկե, ինձ համար զարմանալի է, բայց դա իր անձնական գործն է: Ես միայն ասել եմ և ասելու եմ էն, ինչ որ ինքը պատմել է թատրոնում: Դա իր անձնական գործն է, թե ինքը ինչ ոճ և ինչ ապրելակերպ է ընտրում …
– Այսինքն Դուք վերահաստատո՞ւմ եք այն կարծիքը, որ բենզալցակայանում ծեծել են Սերգեյ Գրիգորյանին:
– Իմ բոլոր ինտերվյուների ժամանակ ես նույնն եմ ասել ու նորից ասելու եմ…Նա պատմել էր աշխատակիցներին, և նրանք էլ` ինձ, որ ինչ-որ առանց հերթ մեքենա է ուզեցել իրանից առաջ ընկնի: Կներեք փողոցային արտահայտությունների համար՝ իրենք ասել են՝ «ախպեր ջան, հեռու տար, սրանք էլ, թե` մենք ձեզ ի՞նչ ախպեր …», ու խոսքը խոսքից վեճը վերածվել է ծեծի, էդքան բան…»:
– Իսկ ոստիկանությունը փորձե՞լ է զրուցել Ձեր կամ մյուս դերասանների հետ:
– Ոստիկանության ոչ մի ներկայացուցիչ չի եկել թատրոն, ո՛չ զանգահարել է, ո՛չ մի խոսակցություն կամ հարցուփորձ չի եղել:
ԳԱԼԱ-ն զրուցել է նաև Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ Արտյոմ Գրիգորյանի հետ, ով երեկ հեռախոսային զրույցի ժամանակ նախ չհերքեց, որ եղբորը ծեծել են, այլև աստիճաններից վայր ընկելու մասին ոչինչ չասաց:
– Արտյո՛մ, Դուք երեկ մեզ տված հարցազրույցում չէիք հերքում, որ ձեր եղբորը ծեծել են, ինչպես՞ եղավ, որ բոլորովին այլ բան եք ասել ոստիկաններին…
– Հիմա ես ոչ մի բան չեմ ասելու, ինձ ոչինչ մի հարցրեք..,- ասաց Արտյոմ Գրիգորյանն ու անջատեց հեռախոսը:
ԳԱԼԱ-ն խնդրի մասին տեղյակ է պահել նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության վարչությանը: Արմեն Մալխասյանին փոխանցեցինք, որ դերասանի շրջապատից կան մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, դեռ խոսում են ծեծի մասին:
– Պարո՛ն Մալխասյան, մենք զրուցեցինք դերասանների հետ, նրանք դեռ հաստատում են, որ դերասան Սերգեյ Գրիգորյանը իրենց պատմել է, որ իրեն ծեծել են: Ունենք նաև այդ հեռախոսազրույցների ձայնագրությունները: Ոստիկանությունը չի՞ հարցաքննելու նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասաններին:
– Խնդրում ենք դիմել գրավոր, մենք կպատասխանենք…