Սերժ Սարգսյանը կբարձրացնի Գագիկ Ծառուկյանի նետած ձեռնոցը
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հայտարարությունը երկրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին եվրոպական կառույցների մոտ այլընտրանքային ուժ ներկայանալու քայլ է: Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևորվում է եվրոպական կառույցների կողմից, և եթե մի կուսակցություն ցանկանում է ներկայանալ որպես այլընտրանքային ուժ, պետք է ցույց տա, որ ներդրում ունի կոռուպցիայի դեմ պայքարում:
«Գագիկ Ծառուկյանը պետք է ապացուցի, որ ինքն ընդդիմադիր է, բայց դա պետք է անի ոչ թե եվրոպացիների, այլ սեփական հասարակության առաջ: Դրա համար ընդամենը պետք էր հայտարարել, որ խմբակցությունը հանդես է գալու ընդդիմության դիրքերից: Այնինչ ԲՀԿ-ն անընդհատ հայտարարում է, որ ինքն այլընտրանք է: Այսինքն` արժե՞ր միջազգային ասպարեզում որևէ մեկին համոզել, որ իրենք ընդդիմություն են, երբ դա որևէ ձևով չի կարող արգումենտ լինել հասարակությանը համոզելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ վերջինս ընդգրկված էր ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, սակայն խորհրդարանական ընտրություններից հետո նրան պարտադրեցին հրաժարվել մանդատից:
Հմայակ Հովհաննիսյանը համոզված է նաև, որ Գ.Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում, մեղմ ասած, չի կարող դուր գալ հանրապետականներին:
«Եթե դու միջազգային շփման ժամանակ նման կոշտ և կտրուկ հայտարարություն ես անում, դա, ըստ էության, մարտահրավեր է: Խնդիրն այսօր այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն այդ ձեռնոցը կբարձրացնի, ինչում ես գրեթե ես չեմ կասկածում»,- նշեց Հ. Հովհաննիսյանը: