«Գետահովիտի բնակիչների 95 տոկոսը դեմ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը»
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի հասարակական լսումներին մասնակցած բնակիչների 95 տոկոսը դեմ է արտահայտվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց այս լսումների մասնակից, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ լսումներին մասնակցած բնակիչների շրջանում կային ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ արտահայտվող բավական անձինք. «Հավաքված բնակիչների մեջ կար գործունեությանը դեմ բավական բազմություն: Մի 10 օր առաջ, եթե ոչ՝ ավելի շուտ, գյուղից մոտ 400 հոգի ստորագրահավաք են հավաքել՝ ի պաշտպանություն, ի օգուտ փոքր հէկ-ի կառուցման:
Այդ ստորագրությունը՝ գյուղապետի կնիքով վավերացված, ուղղել էին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը: Ինչ վերաբերում է լսումներին, բնականաբար, կկազմվի արձանագրություն, կֆիքսվի այն, ինչ-որ կա, մենք ակնկալում ենք մեկամսյա ժամկետում Տավուշի մարզի Ենոքավան, Գետահովիտ համայնքների ղեկավարներից ստանալ տվյալ գործունեության վերաբերյալ իրենց կարծիքները: Նրանք օրենքով սահմանված կարգով՝ ունեն մեկ ամիս ժամանակ»:
Նշենք, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի հետ կապված՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած էր ճանաչվել շրջական միջավայի վրա ազդեցության փորձաքննության փորձագիտական եզրակացությունը: Այսօր տեղի են ունեցել նախագծի փոփոխված տարբերակի հանրային լսումները:
Ըստ Լևոն Գալստյանի՝գյուղի բնակիչները կտրականապես դեմ են արտահայտվել ՓՀԷԿ-ի կառուցմանը. «Մենք գրեթե կողմ մարդ չտեսանք: Լսումներին ներկա է եղել մոտ 150 մարդ, մոտավորապես 95 տոկոսը միահամուռ նշեց, որ իրենք դեմ են նախագծին և մինչև վերջ դեմ են արտահայտվելու: Մի պահ քննարկեցին նախագծի հարցերը, բայց մի անգամ այդ մարդկանց, կոպիտ ասած, խաբել էին, երկրորդ անգամ նրանք նույնիսկ չեն էլ ուզում լսել, քննարկել այդ նախագիծը, որովհետև առաջին անգամ իրենց ընդհանրապես մասնակից չէին դարձրել՝ համարելով, որ իրենք այդ համայնքից չեն, ուրիշ համայնքից էին վերցրել կարծիքը: Ըստ էության, համայնքի բնակիչներն ասացին, որ իրենք քննարկելու խնդիր չունեն: Իրենք հասկանում են՝ ինչին է վնաս տալու, ոնց է վնաս տալու, իրենք պատրաստ չեն իրենց գետի ջրի 90 տոկոսը տալ հէկ-ին, վտանգի ենթարկել կողքի անտառները, վտանգի ենթարկել նաև սողանքավտանգ գոտիները»:
Լևոն Գալստյանը նաև նշեց, որ իրենք հասարակական լսումների ընթացքը նաև նկարահանել են, որպեսզի հետագայում՝ արձանագրության սխալ կազմման դեպքում, այն ներկայացնեն՝ որպես ապացույց. «Նույն նախորդ նախագծող ընկերությունն էր կազմել բնապահպանական մասով, որն առաջին անգամ ակնհայտ կեղծ և սխալ տեղեկատվություն էր ներկայացրել բոլորին, և՛ հանրությանը, և՛ համապատասխան պետական լիազոր մարմիններին: Նորից ինքը հիմա վերամշակած նախագիծ է ներկայացնում: Ոչ ոք չի մտածում իրենց պատասխանատվության ենթարկելու համար. օրենքով սահմանված է, որ եթե ձեռնարկողը կամ նախագիծ կազմողը սխալ, ոչ հիմնավորված, գիտականորեն չապացուցված տեղեկություններ է տրամադրում, ինքը պատասխանատվություն է կրում դրա համար: Չկա այդ ինստիտուտը մեզ մոտ: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք այդ հարցը, երեկ պատասխան ենք ստացել, որ իրենց պատասխանատվության ենթարկելը Բնապահպանության նախարարության իրավասությունների մեջ չի մտնում: Բայց չի՞ կարող Բնապահպանության նախարարությունն իր կողմից՝ որպես լիազոր մարմին, ինքը դիմի, որ նա պատասխանատվության ենթարկվի»: