Ռուսաստանում հայ համայնքը և հայկական եկեղեցին Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին մոմավառություն կկազմակերպեն
Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունենալու ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի դեկտեմբերի 10-ին:
168.am-ի տեղեկությունները, որ Ռուսաստանում ևս կազմակերպվելու է Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ընտանիքի բարեկամ Մարիա Ղուկասյանը չհերքեց՝ ասելով, որ Երևանում Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության օրը Ռուսաստանում հայ համայնքը և հայկական եկեղեցին կկազմակերպեն մոմավառություն:
«Երբ տիկին Ֆլորային տեղափոխեն Հայաստան, դին եկեղեցում չի լինի, քանի որ, եկեղեցական կանոններով՝ դին երկրորդ անգամ եկեղեցի տանել չի թույլատրվում: Ֆլորա Մարտիրոսյանին հրաժեշտ տալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են այդ օրը գալ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճ և հրաժեշտ տալ ժողովրդական սիրված արտիստուհուն: Տիկին Ֆլորան կհուղարկավորվի Քաղաքային պանթեոնում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիա Ղուկասյանը:
Մարիա Ղուկասյանի փոխանցմամբ, Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու՝ Հրահատ Գևորգյանի առողջական վիճակը ծանր է: «Հրահատ Գևորգյանը մինչ այս դեպքերը կլինիկական բուժում էր ստանում, և բնական է, որ այս դեպքերից հետո նրա առողջական վիճակը պետք է վատանար»,- ասաց Մարիա Ղուկասյանը: