«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետությունում ամեն քայլափոխի կարելի է ականատեսը լինել մարդու իրավունքների կոպտագույն խախտումների: Շարունակվում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, մասնավորապես` ՀՀ քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն ազատ արտահայտելու և մարդու այլ հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները: Դրա ապացույցն է ընդդիմադիր չորս երիտասարդների մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտումը, ինչի հետևանքով Հայաստանը կրկին դասվեց քաղբանտարկյալ ունեցող երկրների շարքին:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը շարունակում է իր պայքարը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար` միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ ցանկալի և վերջնական արդյունքի հասնելու համար բավարար չեն միայն նախաձեռնության ջանքերը: Հարկավոր է Հայաստանի ապագայով մտահոգված բոլոր ուժերի, քաղաքացիների առավելագույն համախմբում և միասնական գործողությունների իրականացում՝ երկրում օրինականության հաստատման նպատակով:
Որպես համախմբման առաջին քայլ` քաղաքացու իրավունքների ոտնահարմամբ մտահոգ բոլոր հասարակական, քաղաքական միավորներին և քաղաքացիներին կոչ ենք անում միասնաբար մասնակցել Հայ ազգային կոնգրես միավորման կողմից դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին կարզմակերպվելիք, Ազատության հրապարակից մեկնարկելիք` Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթին»:
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն