Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ դեսպանին
«Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց նորանշանակ դեսպանին` արդյունավետ գործունեություն մաղթելով նոր պաշտոնում: Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների համագործակցությունը բազմաճյուղ զարգանում և արդյունավորվում է` համահունչ երկու ժողովուրդների պատմական բազմադարյա հարաբերությունների ոգուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց դեսպանին` Հունաստանի իշխանությունների և դեսպանատան կողմից Հայոց Եկեղեցուն ցուցաբերվող աջակցության, ուշադրության և առանձնակի հարգանքի համար:
Դեսպանն իր հերթին վստահեցրեց, որ կանի ամենը` զորացնելու երկու երկրների ջերմ փոխհարաբերությունները` խարսխված պատմական արմատների վրա: Պրն. Ի. Տայիսն անդրադարձավ նաև երկու ժողովուրդների պատմական առնչություններին, ընդգծեց նաև Քրիստոնեական Եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովուրդների կյանքում:
Հանդիպմանը խոսվեց նաև Հայ Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունների մասին, կարևորվեց Հայ Եկեղեցու սպասավորների ուսումնառությունը Հունաստանի բարձրագույն աստվածաբանական հաստատություններում»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ