ID քարտերը կարելի է ստանալ մինչև 2013թ. փետրվարի 20-ը
Գործատուները մինչև 2013թ. փետրվարի 20-ը ժամանակ ունեն նույնականացման քարտեր ձեռքբերելու համար, այսօր ասել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) Հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:
Ինչպես տեղեկացնում է Մեդամաքսը, Ա. Ղազարյանն այդ մասին ասել է՝ արձագանքելով ներկայումս անձնագրային բաժանմունքներում գոյացող կուտակումներին՝ պայմանավորված մինչև տարեվերջ նույնականացման քարտ ձեռքբերելու գործատուների ձգտումով:
Նշենք, որ այն տնտեսվարողները և անհատ ձեռներեցները, որոնք ունեն վարձու աշխատողներ, մինչև 2013թ. առաջին հարկային հաշվետվությունը ներկայացնելը պետք է դիմեն անձնագրային բաժանմունքներ (անկախ իրենց գրանցման վայրից) և ստանան նույնականացման քարտեր: Նույնականացման քարտը պարունակում է էլեկտրոնային ստորագրության ալգորիթմը: 2013թ. սկսած եկամտային հարկի հաշվետվությունները պետք է ստորագրվեն էլեկտրոնային եղանակով:
Նորամուծությունները պայմանավորված են 2014-ից ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով:
Հ.Գ. – Հիշեցնենք, որ նույնականացման քարտերի ձեռքբերման վերջնաժամկետ սահմանված էր մինչև 2012թ. նոյեմբերի վերջը, սակայն անձնագրային բաժանմունքները տեխնիկապես չէին հասցնում սպասարկել գործատուներին՝ առաջացնելով հերթեր և դժգոհություն (այդ թեմային 168.am-ը անդրադարձել է իր նախորդ հրապարակումներից մեկում)։