Բաժիններ՝

Դիր մատներդ կույս…

Նույնականացման քարտերի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2012թ. հունիսի 1-ից: Հունվարի 1-ից բոլոր գործատուները պետք է ձեռք բերեն նույնականացման` ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն:

Դա 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջն է, ըստ որի` եկամտային հարկի բոլոր հաշվետվությունները գործատուները պետք է հարկային մարմին ներկայացնեն միայն էլեկտրոնային եղանակով: Նույնականացման քարտի արժեքը սահմանված է 3000 դրամ, էլեկտրոնային ստորագրության տարեկան սպասարկումը` ևս 3000 դրամ:

Այս ամսվա ընթացքում երեկ արդեն երրորդ անգամ այցելեցի ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունք` նույնականացման քարտ ստանալու նպատակով: Առաջին երկու այցելություններիս ընթացքում այնքան խիտ հերթ էր կուտակվել, որ անհնար էր սպասել: Երկու այցելությունների ժամանակ էլ քաղաքացիներին սպասարկում էին ընդամենը մեկ պատուհանից: Երեկ դարձյալ ընդամենը մեկ պատուհան էր սպասարկում: Փորձեցի հերթ կանգնել` անհույս էր, հայտնի չէր` ո՞վ է վերջինը, չնայած, որ այդ օրը նախորդ օրերի համեմատ ավելի շատ սպասողներ կային:

Պարզվեց` քաղաքացիները ներքին կարգով հերթացուցակ էին կազմել և ինձ էլ առաջարկեցին գրանցվել հերթում: Գրանցվեցի` համար 125-րդը: Փորձեցի աշխատակիցներից պարզել, թե ե՞րբ կհասնի 125-րդի հերթը, և քանի՞ ժամ դեռ պետք է սպասել: Միգուցե պետք է դարձյալ գնալ ու ա՞յլ օր վերադառնալ հայտը ներկայացնելու համար, ինչպես արել էի նախորդ երկու դեպքերում: «Ես ժամը 11-ից եմ սպասում»,- ասաց մի կին: Դա ժամը 15:10-ին էր: Սպասարկման պատուհանի մոտ շարժ չէր նկատվում: Քաղաքացիները նյարդայնացած այս ու այն կողմ էին գնում:

Հերթական անգամ, ՀՀ կառավարությունը որոշում կայացնելիս չէր հաշվարկել ժամկետներն ու Ոստիկանության համապատասխան բաժանմունքների տեխնիկական հնարավորությունները, ինչի պատճառով կուտակումներ են առաջանում: Բաժանմունքի աշխատակիցները քաղաքացիներին նույնիսկ տեղյակ չէին պահում ՀՀ ոստիկանապետի հրամանի մասին, ըստ որի` որպեսզի մինչև նոյեմբերի 30-ը մարդիկ կարողանան այդ քարտը ձեռք բերել «զեղչով»` 3000 դրամով, անձնագրային բաժիններն այս շաբաթ ու կիրակի օրերին ևս աշխատելու են: Իհարկե, դա էլ չի կարող փրկել իրավիճակը, քանի որ մեկ պատուհանով հնարավոր չէ արագ սպասարկել այդքան քաղաքացիների:
Ինչևէ, փորձեցի որևէ պարզաբանում ստանալ` որքա՞ն պետք է հերթում կանգնած մնալ, և ինչո՞ւ տևական ժամանակ չեն սպասարկում քաղաքացիներին:

Ժամեր շարունակ իր հերթին սպասող մի կին ցանկանում էր մտնել անձնագրային բաժանմունքի պետի աշխատասենյակ` պարզաբանում ստանալու համար: Երիտասարդ կինը, ով ասաց` վատառողջ էր, պարզվեց, երկրորդ անգամն էր մտնում «պետ»-ուհու մոտ և անպատասխան դուրս գալիս նրա աշխատասենյակից: Նրանից հետո ես մտա պետի աշխատասենյակ: Երիտասարդ այդ աղջկան` Նատալի Կոստանդյան անուն- ազգանունով (ի դեպ, միշտ փայլփլուն և պճնված տեսքով աշխատանքի գնալու համար նրան համակարգում անվանում են «յոլոչկա»), արդեն մի քանի անգամ առիթ ունեցել էի հանդիպելու:

Քաղքենի այն տեսակներից է, որին եթե ներկայանում ես` որպես այս կամ այն ոլորտի պաշտոնյա, կամ այսինչ-այսինչյան` անմիջապես ոտքի է կանգնում ու գլխահակ, խոնարհ, խոհեմ ժպիտով սպասարկում: Իսկ եթե շարքային քաղաքացի ես, պատասխանը` միայն մուննաթով: Աշխատասենյակում նա աշխատակիցներից մեկի հետ էր: Ինքը նստած էր տիկնիկի նման, արհամարհանքով` խաղում էր մատների հետ: Հարցնում եմ` ինչո՞ւ չեն սպասարկում:

Մյուս աշխատակիցը պատասխանում է` ինտերնետ չկա, կապը վատն է, մենք ի՞նչ անենք: Այդ մասին արդեն մինչ այդ լսել էի բաժանմունքի այլ աշխատակիցներից: Իսկ քաղաքացին ի՞նչ անի, որքա՞ն պետք է սպասի: «Պետ»-ուհին դեռ մատներով է զբաղված, անհաղորդ է` որևէ հարցի չի պատասխանում, առավելագույնը` մեխանիզմով աշխատող «Բարբիի» նման` աչքերը խաղացնելով` այս ու այն կողմ է հայացքը շարժում: Այդուհանդերձ, շարունակում եմ հարցնել` իսկ ինտերնետային ի՞նչ կապ է, որ անընդհատ խափանվում է: Պարզվում է` «Սմարթ»: Եթե վատն է` ինչո՞ւ չեք փոխում օպերատորին: Հայտնի չէ:

Աշխատակցուհին փորձում է իր պետի անտարբերությունից ահագնացող զայրույթս մեղմել: «Պետ»-ուհին աչքերն է պտտում այս ու այն կողմ: Հարցնում եմ` իսկ ինչո՞ւ քաղաքացիներին որևէ մեկը չի պարզաբանում իրավիճակը, ինչո՞ւ չեք տեղեկացնում` ի՞նչ է կատարվում, ե՞րբ կապ կունենաք, կամ` մինչև ե՞րբ պետք է հերթ կանգնել: Աշխատակցուհին փորձում է բացատրել, որ մեկ պատուհանով է սպասարկվում, համապատասխան սարքը մեկն է, դժվար է… Տիկնիկը, իրեն երևակայելով, անհողդողդ լռությամբ շարունակում է ուսումնասիրել յուր մատները…:

Եվս մեկ անգամ առնչվելով այդ երիտասարդ տիկնոջ հետ, համոզվեցի` աղջիկը սխալ տեղում պատահաբար է հայտնվել: Ու թքած ունի` քաղաքացին քանի՞ անգամ է եկել, քանի՞ օր է հերթ կանգնել, քանի՞ անգամ դեռ պետք է գնա ու գա, քաղաքացուն ուշացնելու համար կտուգանե՞ն, թե՞ ոչ… ինքն իր պաշտոնով է հիացած ու զմայլված:

Ձեռքիս անձնագիրս է` ինչպես ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կայքէջում է գրված` «Հայրենասիրությանս փաստաթուղթը»: Դժվար է ոսկեղենիկ հայերենով արտահայտել այն զգացումները, որ առաջանում են, երբ «Հայրենասիրությանդ փաստաթուղթը» տրվում է մի վայրում, որի ղեկավարի համար Հայրենիքը սկսվում ու ավարտվում է սեփական եղունգների գույնով: Ու այդ պահին գերադասելի է դառնում օրենքով սահմանված կարգով տուգանվելը, քան մարտնչող տգիտության դեմ պայքարը:

Հետո, պարզվում է` բաժանմունքում ծանոթ մարդիկ են լինում, որ պետուհուն ասում են` այդ քաղաքացին լրագրող էր…  Ասում են ոչ թե այն իմաստով, որ քաղաքացին նաև լրագրող է, այլ, որ քաղաքացին լրագրող է: Դրանից հետո իրադարձությունները զարգացան կանխատեսելի սցենարով: «Պետ»-ուհու աշխատասենյակում գտնվող աշխատակիցը շտապում է մեր հետևից՝ ներողություն խնդրել մի բանի համար, որն ինքը չի արել:

Եվ սկսվեց ամենահետաքրքիրն ու զզվելին: Մի աղջնակի համար, որը մինչ օրս, թերևս, զարմացած է, թե ինչպես է հայտնվել Արաբկիրի անձնագրային բաժանմունքում, սկսվում են հեռախոսազանգերը: Մեկը՝ մեկից հետաքրքիր ու ավելի բարձր պաշտոնյաների կողմից: Աղջիկը ջանացել էր գտնել բոլոր հնարավոր ընդհանուր ծանոթներին: Բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ընդհանուր ընկերներ… «Ես չգիտեի, որ ինքը լրագրող այսինչ-այսինչյանն էր»,- արդարացել էր նա: Այսինքն` պետք է ներկայանայի` գիտե՞ք, ես այսինչ թերթի խմբագիր այսինչ-այսինչյա՞նն եմ… նրա զգայարաններն անմիջապես կարթնանայի՞ն: Ու սիրալիր, շորորալով կպատասխաներ, չէ՞:

Լրագրողական բազմամյա գործունեությանս ընթացքում արել եմ ամեն ինչ` մասնագիտությունս չչարաշահելու համար, անձնական խնդիրներս չեմ տեղափոխել մամուլ: Բայց այս պարագան առանձնահատուկ էր, քանի որ ես գնացել էի անձնագրայի՛ն բաժանմունք, գնացել էի ոչ թե` որպես լրագրող, այլ` որպես ՀՀ քաղաքացի…
Հայաստանը փոքր է, Երևանը` առավել ևս: Լրագրողներս էլ, դժբախտաբար, գիտենք` ով ում միջնորդությամբ, որ «արժանիքների» համար է հայտնվում այս կամ այն պաշտոնում: Տիկնիկներին կարող եք սիրել-փայփայել, բայց հեռու պահեք քաղաքացիներից: Մի սղոցեք քաղաքացիների նյարդերը սեփական մատներով և եղունգներով հիացող տարբեր տեսակի «յոլոչկաներով»:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս