Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ
Երեկ մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել, որի առաջին օրվա հանդիպումների մասին Գ. Ծառուկյանի մամլո խոսնակը տարածել է ծավալուն հայտարարություն` գրեթե պետության ղեկավարի այցերին հատուկ հաղորդագրության ձևաչափով: Հաղորդագրության մեջ շեշտված է հատկապես նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանի առաջադրման հնարավորությունը եվրոպացիների կողմից ողջունելու հանգամանքը:
Մասնավորապես Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԲՀԿ խոսնակի տարածած հաղորդագրության, նշել է, «որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»: Սա, թերևս, ԲՀԿ-ում համարել են մեծ ձեռքբերում և շտապել են Ծառուկյանի որոշմանը սպասող հանրությանը ևս տեղեկացնել այդ մասին:
«Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:
Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերակայություններից մեկն է…»,- նշված է հաղորդագրության մեջ, որում չի պարզաբանվում, թե ինչպես է Հայաստանում Եվրասիական միության քարոզչությամբ զբաղվող ուժը եվրոպական ինտեգրումը դարձրել «օրակարգի գերակայություն»: Սրանով, սակայն, Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան հանդիպումների ինտրիգը չի ավարտվում: Հայաստանում գործող իշխանությունների հասցեին առանձնապես համարձակ հայտարարություններով աչքի չընկնող Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությանն անվանել է կոռումպացված:
«Անկաշկանդ շփման ընթացքում (Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ.- խմբ.) Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»,- նշված է Գ. Ծառուկյանի խոսնակի տարածած հաղորդագրությունում: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը եվրոպացի պաշտոնյայի մոտ` առանց անուններ տալու, անուղղակիորեն հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, իրավապահ մարմինների ղեկավարները կոռումպացված անձինք են: Համենայդեպս, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Տիգրան Սարգսյանը գրեթե բոլոր հրապարակային ելույթներում խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Ս. Սարգսյանը հատուկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում խորհրդակցությունների շարք սկսեց` ցույց տալով, որ անձամբ է համակարգում այդ պայքարը:
Ի դեպ, «կեղտոտ սպիտակեղենը« եվրոպացիներին ի ցույց դնելու անթույլատրելիության մասին թեզը հայկական քաղաքական լեքսիկոն ներմուծվեց նախկին արտգործնախար, ներկայումս` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի կողմից, ով այդկերպ էր մեկնաբանում երբեմնի ընդդիմության` Հայաստանի խնդիրները եվրոպացիների առաջ բարձրաձայնելու քայլերը: