«Ես չեմ հավատում, որ ՀՀԿ-ի տված երաշխիքները, թե նախագահականից հետո կլուծվի հարցը, կիրականանա»
ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը նախագահական ընտրություններից հետո հետաձգելու հարցին, ասաց, որ եթե այդ հարցը քվեարկության դրվեր այս պահին, ապա հաստատ կմերժվեր:
«Այն մտավախությունը, որ հանձնաժողովի ստեղծման հարցը կարող էր օրակարգից դուրս գալ, դարձավ հետաձգման պատճառ: Նախագահական ընտրություններից հետո արդեն ավելի որոշակի կլինի, թե հարցի լուծման կապակցությամբ ինչպիսի՞ իրավիճակ կառաջանա: Մենք միշտ էլ ապրում ենք վաղվա հույսով ու պետք է հավատանք, վստահ լինենք, որ նախաձեռնությունը կիրականանա: Պետք չէ հոռետես լինել»,- ասաց Զ. Թադևոսյանը:
Մեր հարցին, թե հավատո՞ւմ եք, որ նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն հանձնաժողովի ստեղծման հարցը կրկին չի հետաձգի, Զոյա Թադևոսյանը պատասխանեց. «Այն, ինչ ՀՀԿ-ին վնաս է, լուծվում է՝ ստի, անհանդուրժողականության, օրենքի խախտման, մարդկանց ահաբեկման միջոցով, որոնց հարցում ՀՀԿ-ն պրոֆոսիոնալ է դարձել: Ես չեմ հավատում, որ ՀՀԿ-ի տված երաշխիքները, թե նախագահականից հետո կլուծվի հարցը, կիրականանա: Բայց այն, որ ես չեմ հավատում, չի նշանակում, որ հարցը օրակարգում չի լինի: Հակառակ դեպքում՝ մենք կընտրենք ճնշումների ճանապարհն ու հարցը կտանենք լուծման»:
Զոյա Թադևոսյանը համամիտ չէ այն տեսակտին, ըստ որի՝ իրականում ՀԱԿ-ՀՀԿ համաձայնությունը ՀԱԿ-ի հերթական նվերն է ԲՀԿ-ին, որովհետև վերջինիս ձեռնտու չէ ընտրություններից առաջ Մարտի 1-ի թեմայի քննարկումը:
«ՀԱԿ-ը երբեք և ոչ մեկի համար ծառայություն չի մատուցում, ամեն ինչ անում է պարզ ու թափանցիկ: Պետք չէ, մեր գործունեության մեջ թաքնված, գաղտնի էջեր փնտրել. այդպիսիք գոյություն չունեն: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի»,- ասաց ՀԱԿ անդամը: